Կրտսեր սերժանտ Մհեր Հարությունյանը ծառայում էր Ստեփանակերտի Կենտրոնական պաշտպանական շրջանում (հայտնի է որպես ՑՕՐ), հակատանկային դասակում ջոկի հրամանատար էր։ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրերից իր դասակի ընկերների հետ եղել է Վարանդայի (Ֆիզուլի) դիրքերից մեկում, որը մինչև հերթափոխը անառիկ են պահել։ Պատերազմի ավարտից երկու օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, 20-ամյա Մհեր Հարությունյանը զոհվում է Շուշիի պաշտպանության մարտերում։

Մհեր Հարությունյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 20-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում։ Բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 14-ին։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Մհերենց հակատանկային դասակը տեղափոխվում է Վարանդա և տեղակայվում Կարախանբեյլի կոչվող տեղամասի դիրքերից մեկում, որտեղ մնում են մինչև հոկտեմբերի 24-ը։

Հոկտեմբերի 24-ին հերթափոխ է տեղի ունեցել։ Լողանալու և մեկամսյա մարտերից հանգստանալու համար Մհերենց հակատանկային դասակին տեղափոխել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս։ Իսկ հոկտեմբերի 29-ին դասակն արդեն տեղակայվել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում։ Նոյեմբերի լույս 4-ի գիշերը Քարին Տակում գտնվող պահեստազորը սկսել է նահանջել գյուղից, Մհերենց հակատանկային դասակը նույնպես դուրս է եկել և տեղակայվել Շուշիի մատույցներում։ 2020թ․ նոյեմբերի 17-ին Մարդի Հարությունյանին զանգահարել են և հայտնել, որ որդու մարմինը դուրս է բերվել։ Հայրը գնացել է որդու մարմինը ճանաչելու, զոհված զինծառայողի մոտ եղել է Մհերի զինվորական գրքույկը, սակայն նա Մհերը չի եղել։ Մհերը ամիսներ շարունակ եղել է անհայտ կորածների ցուցակում։ «Էս դեպքից հետո էլ տեղ չմնաց, որ չգնամ։ Հայաստանի բոլոր մորգերով ման եմ եկել, ԴՆԹ-թեստ եմ տվել, բայց տղուս չեմ գտել։ Պատերազմից 8 ամիս հետո զանգեցին Հերացիից (Դատաբժշկական հանրապետական կենտրոնից,), ասեցին, որ ԴՆԹ-ն համընկել ա։ Կրակոցը ծնոտի տակից էր, էն մյուս տղայի գլուխն էլ էր նույն ձև, դրա համար շփոթել էին։ Իրանք իրանց կրակել են, որ գերի չընկնեն»,- պատմում է Մարդի Հարությունյանը։Մհեր Հարությունյանը հուղարկավորվել է 2021թ․ հուլիսի 7-ին Կարմիր Շուկայում։