ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Բաքվում պահվող հայերը գտնվում են կյանքի անմիջական ու իրական սպառնալիքի ներքո, հետևաբար նրանց կողմից տրված որևէ տեղեկություն չի կարող արժանահավատ կամ օգտագործելի լինել ապացուցման նպատակով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակյանն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ տարբեր մեխանիզմներով բարձրաձայնվի արդար դատաքննության իրավունքի խախտման մասին, ու, քանի որ հայ ռազմագերիների առնչությամբ նման գործընթացներ արդեն իսկ նախաձեռնվել են և ընթացքի մեջ են, ուստի նման գործընթացներ անհրաժեշտ է նախաձեռնել նաև ԼՂ ձերբակալված ռազմաքաղաքական գործիչների վերջին դրվագներով։
«Ձերբակալվել են մարդիկ, ովքեր խորհրդանշել են Արցախի պետականությունը և աչքի են ընկել հայանպաստ գործունեությամբ։ Մյուս կողմից անգամ դժվարությունների պայմաններում նրանք ոգեշնչել են արցախցիներին և պայքարել հանուն ինքնորոշման։ Եվ այստեղ ակնհայտ է, որ մենք գործ ունենք վրեժխնդրության հետ և քաղաքական դրդապատճառներով տվյալ անձինք ենթարկվում են հալածանքների։ Ակնհայտ է, որ հայատյացության պայմաններում, այս անձանց դերով պայմանավորված, բավականին մեծ են մարդու իրավունքների խախտման ռիսկերը և նրանց ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին սպառնալիք կարող է ներկայացվել՝ անկախ նրանից, թե Բաքուն ինչպիսի հավաստիացումներ է տալիս։ Բաքուն բազմիցս խախտել է համաձայնությունները, այդ թվում գրավոր։ Մենք առայսօր ունենք չհայրենադարձված ռազմագերիներ, ինչը հավելյալ վկայություն է, որ մարդասիրական խնդիրները լուծում չեն ստանում և այստեղ ընդամենը կան քաղաքական պրոցեսներ»,- ասաց իրավապաշտպանը։
Սահակյանի հավաստմամբ՝ միջազգայնորեն գործում են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող կառույցներ՝ ՄԱԿ-ի դատարան, ՄԻԵԴ։ Ըստ իրավապաշտպանի՝ ամենագործուն ճնշման եղանակը թերևս պատժամիջոցներն են։ Նա դրական է գնահատում, որ գոնե հիմա, այսքան հանցագործություններից հետո հասունանում է այն թեզը, որ Բաքվի գործողությունները պետք է սանկցավորվեն ու թիրախավորված պատժամիջոցներ պետք է կիրառվեն որոշակի թվով պաշտոնյաների նկատմամբ։