Ազնաուր Ռաֆիկի Բալայանը ծնվել է Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղում։ 1994-2002 թթ. սովորել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի միջնակարգ դպրոցում։

2002-2005 թթ. զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով։ 2005-2007 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՊԲ N զորամասում։ 2007թ.-ից պայմանագրային զինվորական ծառայության է անցել ՊԲ N զորամասում՝ որպես ավագ հետախույզ-գնդացրորդ։ Մայրը՝ Սիրուն Բալայանը իր հուշերում գրում է․

«Ազնաուրս որբ ա մեծացել, հայրը 92 թվականին զոհվեց Արցախյան պատերազմում։ Ծանր պայմաններում պահել-մեծացրել եմ երեք զավակներիս։ Ինքը հպարտ ու ուժեղ տղա էր, ոչ մի բանից չէր վախենում»։ Սիրուն Բալայանը որդուն վերջին անգամ մարտի 31-ին է տեսել, ձայնը լսել ապրիլի 4-ին. «Օրը երկու անգամ զանգում էի։ Վերջին օրը որ զանգեցի, հարցրի՝ «Ազնաո՛ւր ջան, ո՞նց ես», ասեց՝ «մա՛մ ջան, ես լավ եմ, հեռախոսն անջատում եմ»։ Անջատեց ու էլ չվերցրեց։ Առավոտը ութն էր, ինն անց կես ա դեպքը եղել»,-գրում է Սիրուն Բալայանը։

Մոխերես գյուղի կենտրոնում՝ Հայրենական ու Արցախյան պատերազմների զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների մեջտեղում, 2017 թվականին տեղադրվեց Ազնաուր Բալայանի հուշատախտակը։ Հերոսի մայրը իր հուշերում գրում է, թե ինչպես պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որդին որոշեց շարունակել զինվորական քեռու գործը։ «Մի օր գնաց Հադրութ, եկավ, թե՝ «մամա՛, աշխատանքի եմ անցել, բանակում եմ ծառայելու»։ Քեռին էլ էր հետախույզ, ասեց՝ «մա՛մ, գնում եմ քեռու գործին»։ Մեջս վախ մտավ. 1992 թ. ամուսինս է զոհվել կռվում, 1994-ին էլ՝ եղբայրս։ Փորձեցի հետ պահել, չլսեց, գնաց»։  Զինվորական դառնալուց հետո էլ ժամանակ չէր մնում սիրած զբաղմունքի՝ որսի գնալու համար. «Որսորդական հրացան ուներ, վերցնում, գնում էր անտառ, բայց որս չէր անում. ասում էր՝ կենդանին մեղկ ա, ո՞նց խփեմ։

Վերջերս էլ մի շուն էր բերել պոստից։ Ասեց՝ «մամա՛, պահի, որ գամ, տանեմ հետս անտառում ման ածեմ»»։  Ընկերներն ամեն անգամ կանչում էին իրենց մոտ՝ Ռուսաստան աշխատելու, բայց Ազնաուրն ամեն անգամ էլ մերժում էր՝ ասելով․ «Ես իմ երկրից վախկոտի պես փախչողը չեմ»։

Պատերազմում երեք հարազատ կորցրած Սիրուն Բալայանի միակ մխիթարանքն այն է, որ որդին իր հողի համար է զոհվել:«Երանի իմ որդին վերջին զոհը լիներ, մեղք են էս տղաները»։