Արսեն Նիկողոսյանը  ծնվել է 2000 թ. հուլիսի 30֊ին մայրաքաղաք Երևանում։

 «Լուսավոր մարդ էր Արսենը, ու չկա որևէ մեկը, ով շփվել է իր հետ և այդ կարծիքը չունի։ Երբ խորհրդի կամ ուղղակի կիսվելու կարիք ունեի, առաջինը հենց Արսենին էի դիմում»,-պատմում է մորեղբոր աղջիկը՝ Մերի Պողոսյանը։ Նրա խոսքով՝ եղբոր կյանքում ամեն ինչ պետք է դասավորված լիներ և նա չէր ուզում բանակից և ծառայությունից փախչել, այդ պատճառով Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել էր հայրենիք, որպեսզի իր պարտքը տար մայր հողին։ Հունվարի 12_ին  զորակոչվեց  բանակ ՝ դառնալով Մատաղիսի արծիվներից մեկը: Ծառայության ընթացքում բազմիցս պարգևատրվել է  պատվոգրերով, շքանշաններով, եղել է վաշտի ավագ։ Արսենը 2021֊ի հունվարին պետք է զորացրվեր։ Սկսվեց չարաբաստիկ պատերազմը, և Արսենն իր մյուս զինակից ընկերների հետ հանձն առավ հայրենիքի պաշտպանության խնդիրը։ Մարտական գործողություններ է իրականացրել Մատաղիսի, Մարտակերտի շրջանում։ Արժանապատիվ զինվոր էր։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է լեյտենանտի կոչման ՝ Ջալալ Հարությունյանի կողմից։ Բայց սա չէր նրա իսկական կոչումը.այլ ՝ Հայրենիքի Հերոս։ Անվախ  հրամանատար, ով կռիվ տվեց 17 օր, ոչնչացրեց թշնամու մեծաքանակ զորք ու ընկավ ։ Չլքելով իրեն վստահված մարտական դիրքը՝ Մարտակերտի կարևոր բարձունքներից մեկը՝  պայքարեց մինչև վերջին շունչը ու քաջաբար զոհվեց հոկտեմբերի 13-ին ։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, Արցախի Հանրապետության կողմից  Արիության մեդալով, «Տիգրան Մեծ» շքանշանով, հայրենիքին մատուցած ծառայությունների համար`պատվոգրերով։