Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած փախստական երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ: Այս մասին փաստում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ աշխատող սոցիալական աշխատողները, որոնք հատուկ աջակցություն են ցուցաբերում վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած երեխաներին և նրանց ընտանիքներին:
Գորիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի երկու ապահով անկյուններում աշխատող սոցիալական աշխատողները, որոնք օրական սպասարկում են մինչև 300 երեխայի, հայտնել են, որ նրանք անհանգստության, վախի և զայրույթի զգացումներ ունեն, որոնք դրսևորվում են մղձավանջներով, գիշերամիզությամբ և անսփոփելի լացով: Որոշ երեխաներ մեկուսացել են բոլորից, դարձել են անհաղորդ, անկարող են արտահայտել զգացմունքները կամ ըմբռնել պատահածը:
«Ավելի քան 30,000 հայ երեխա է Հայաստանում ապաստանել երկու շաբաթ առաջ իրենց համայնքներում սկսած ռազմական գործողություններից ի վեր: Ի լրումն տեղահանության, այս երեխաները շարունակաբար բաց են թողել դասերը և ապրել են վտանգավոր, ոչ ապահով միջավայրում, և ինչպես պատմում են ընտանիքները, նոր հարձակումների վախի պարբերական զգացումով: «Մենք հիմա տեսնում ենք, թե որքան շատ են տուժել այս երեխաները: Տեղահանումները և ռազմական գործողությունները, որոնք զուգորդվել են զրկանքներով, մեծապես ազդել են նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբանական բարեկեցության վրա: Երեխաները տարիներ շարունակ կրելու են այս անասելի տխրեցնող իրադարձությունների հետևանքները, եթե շարունակական աջակցություն չստանան», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
ՈՒՆԻՍԵՖ-ը 12,6 միլիոն ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է անում՝ հետագա վեց ամիսների ընթացքում կարևոր ծառայությունների, այդ թվում՝ կրթական, երեխաների պաշտպանության, առողջապահական, սնուցման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար: