Սարգիս Աղջոյանը ծնվել է 1987թ. օգոստոսի 7-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում: Այնտեղ ապրել է մինչև 12 տարեկանը, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել Նինոծմինդա: Նինոծմինդայի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից, ստացել ՀՀ քաղաքացիություն, որպեսզի կարողանա ընդունվել և սովորել ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: 2005-2009թթ. սովորել և ավարտել է ռազմական բուհը որպես հետախույզ և անմիջապես տեղափոխվել Արցախ` ծառայության: Նշանակվել է հետախուզական դասակի, այնուհետև վաշտի հրամանատար, իսկ վերջին երկու տարիներին հետախուզական N զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալն էր` մայորի կոչումով: Պատերազմի ժամանակ որպես հետախույզ գնացել է ռազմաճակատ, նախ՝ Մատաղիս, այնուհետև` Հադրութ: Հադրութի մերձակայքում հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ մայոր Աղջոյանը զոհվել է` պարանոցին հասցված հրազենային վիրավորումից: «Ինձ թվում էր, որ ինքը զորամասի զամպալիտն է, առաջնագիծ չի գնա: Մինչ իր գնալն էնքան մարդիկ կան, որ պիտի գնան: Երբ զանգում էր, միշտ ձայնը հանդարտ էր, ես էլ հանգիստ էի, որ ինքը զորամասում է, բայց, փաստորեն, ինքն առաջին գնացողների շարքում է եղել: Ծառայակից ընկերը պատմում է, որ իրենց զորամասից 3 հոգի հրաժարվել է գնալ, իսկ ինքը առաջիններից մեկն է մեկնել»,- պատմում է նրա կինը Նարինե Սարգսյանը:

Ջավախքցի Սարգիսն ու արցախցի Նարինեն առաջին անգամ հանդիպել են 2010թ. Ստեփանակերտի եկեղեցու բակում: Նարինեն ասում է` եկեղեցին իրենց միավորել, բայց նաև բաժանել է: Ամուսնու մահվան լուրն էլ ստացել է Գյումրիի եկեղեցու բակում: «Աստված այդպես կամեցավ, որ իր տան առաջ հանդիպենք, իր տան առաջ էլ բաժանվենք»,-պատմում է Նարինեն։

2011թ. հունիսի 30-ին` Նարինեի ծննդյան օրը, զույգն ամուսնացել է: Յոթ օր և յոթ գիշեր հարսանիք են արել. նախ՝ Արցախում, այնուհետև` Ջավախքում:

Ամուսնու հետ համատեղ կյանքի 9 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը Նարինեն գորովանքով է հիշում, չնայած միասին շատ դժվարություններ են հաղթահարել: 2017թ. մայիսին, երկրորդ ծանր հղիությունից հետո լույս աշխարհ են եկել Սարգսի և Նարինեի երկվորյակները` Հովհաննեսը և Մարիան:

«Այդ դժվարություններից հետո կարծես կյանքը սկսել էր ժպտալ, ոչ մի դժվարություն էլ չպիտի լիներ, էն էլ պատերազմը սկսվեց: Իբր կյանքը պիտի մեզ համար շարունակվեր, ապրեինք, վայելեինք, այն էլ` ավարտվեց»,- ասում է Նարինեն:

Նարինեն զայրացած է Արցախից խլված և հակառակորդին տրված հողերի համար: Չի կարող հաշտվել այն մտքին, որ «ամուսնու արյան վրա թուրքն է ոտք դրել», իսկ հողերը հանձնվել են, այն հողը, որն անձնուրացաբար և հակառակորդի հետ դեմ առ դեմ պաշտպանել է ամուսինը:

«Նոյեմբերի 9-ի պայմանագրի ստորագրման օրը զգացի այն նույնը, ինչ հոկտեմբերի 18-ին էի զգացել, երբ լսեցի ամուսնուս մահվան լուրը: Մինչ այդ ասում էի` գոնե հաղթենք, ասեինք` արյան գնով հաղթանակ ունենք: Հիմա ի՞նչ ենք ասելու…»,- ասում է Նարինեն: