Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանում կհանդիպի Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու Արցախում տիրող իրավիճակը և ռուս խաղաղապահների թեման։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իհարկե, նրանք կքննարկեն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Օրակարգում Արցախի հայերի խաղաղ ինտեգրումն է Բաքվի իրավական դաշտին և միջազգայնորեն ճանաչված իրավունքների ու ազատությունների պահպանումը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է աջակցել դրան»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Մենք հուսով ենք, որ մեր նախագահը Բաքվի ղեկավար Ալիևի հետ կքննարկի ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը»,- հավելել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ խաղաղապահ կոնտինգենտի մանդատը լրանում է 2025 թվականի դեկտեմբերին։
«Մեր զորախմբի հնարավոր հետագա օգտագործման տարբեր տարբերակներ կդիտարկվեն, այդ թվում՝ Արցախի հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակության վայրեր ապահովելու համատեքստում, որոնք նրանք թողեցին սեպտեմբերյան հայտնի իրադարձություններից հետո»,- նշել է նա։
Խոսելով Պուտինի և Ալիևի առաջիկա հանդիպման մասին՝ Ուշակովը նշել է, որ ռուսական կողմը մեծ նշանակություն է տալիս այդ շփմանը։
Ավելի ուշ ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Ալիևը ասել է, որ Բաքուն երախտապարտ է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերի համար։
«Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մենք երախտագիտությամբ ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, նաև Հայաստանի դաշնակիցն է։ Այդ երկիրը մեր տարածաշրջանում է՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա են գտնվում։ Եվ բնական է, որ մեր երկրների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդությունը», — նշել է Բաքվի ղեկավարը։