Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր 1920-1921թթ

Մոսկվայի ռուս-թուրքական առաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 1920թվականի հուլիս–օգոստոսին՝ քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև հարաբերությունները կարգավորող պայմանագիր կնքելու նպատակով։ Ռազմական հանձնաժողովում թուրք փոխգնդապետ Սեյֆին առաջարկում է կարճ ժամանակամիջոցում Թուրքական իշխանությանը տրամադրել զենք ու զինամթերք, նավթ և այլն։ Չնայած ոչ բոլոր պահանջներն են ընդունվում, սակայն համաձայնություն է կայացվում Թուրքական իշխանությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու, անհրաժեշտ չափով զենք ու զինամթերք մատակարարելու շուրջ։ Կոնֆերանսում խիստ տարաձայնություն է առաջացնում տարածքային սահմանազատումների հարցը։Կոնֆերանսն ավարտվում է օգոստոսի 24-ին կողմերի փոխհարաբերությունների վերաբերյալ հիմնական սկզբունքները որոշող պայմանագրի նախագծի մշակումով։ 

Դրանում կային կետեր կողմերին ուժի թելադրանքով պարտադրված պայմանագրերը չճանաչելու,ցարական Ռուսաստանի և Թուրքական իշխանության միջև նախկինում ստորագրված պայմանագրերը չեղյալ հայտարարելու, նեղուցների իրավիճակի լուծումը սևծովյան տերությունների կոնֆերանսին հանձնելու, տնտեսական, ֆինանսական և հյուպատոսական համաձայնություններ կնքելու մասին և այլն։Հայաստանի համար առանձնակի կարևորություն էին ստանում 3-րդ և 4-րդ հոդվածները, որոնցից առաջինում ասված էր, որ կողմերը պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ, ամենակարճ ժամկետում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մարդկանց և ապրանքների փոխադրման նպատակով Ռուսաստանի և Քեմալական թուրքիայի միջև հաղորդակցության ճանապարհներ բացելու համար։ Պարզ էր դառնում, որ այդ ճանապարհը պետք է բացվեր Հայաստանի վրայով։ 4-րդ հոդվածում ասված էր. որ Ռուսաստանը  համաձայն է ստանձնել միջնորդությունը Քեմալական թուրքիայի և սահմանակից այն երրորդ պետությունների միջև, որոնք իրենց իշխանության տակ են պահում թուրքական «Ազգային ուխտի» մեջ մտցված որևէ տարածք։ Ճանաչելով «Ազգային ուխտը»՝ խորհրդային կառավարությունը դրանով իսկ ընդունում էր Թուրքիայի իրավունքը Բաթումի,Կարսի,Արդահանիվրա։ Եվ քանի որ այդ տարածքները գտնվում էին Հայաստանի և Վրաստանի կազմում, ուստի որոշվում է Քեմալական Թուրքիայի հյուսիսարլևելյան սահմանի ճշտման հարցը հետաձգել, որի պատճառով էլ հետաձգվում է նախապատրաստված պայմանագրի վերջնական ստորագրումը։ Պայմանագրի այս նախագիծը հետագայում դրվում 1921թվականի Մոսկվայի պայմանագրի հիմքում։