Այսօր Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խորը մտահոգություն են հայտնել  Արցախում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Արևելյան  Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։

Հայտարարությունում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել  Բաքվի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Բերձորի  միջանցքի՝ ինն ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։ Համատեղ հայտարարության հեղինակները համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլքեր Թյուրքի հետ, որ անհրաժեշտ է անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննություն իրականացնել  Արցախում գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների շուրջ։ Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ Բարձր հանձնակատարի գրասենյակը պետք է մշտադիտարկում իրականացնի  Արցախում, հանդիպի Հայաստան տեղահանված փախստականների հետ և դրա մասին զեկուցի Մարդու իրավունքների խորհրդին։ Երկրները պատրաստակամություն են հայտնել դիտարկել Մարդու իրավունքների խորհրդում հետագա այլ քայլերի իրականացման հնարավորությունը։ Հայտարարությունը կոչ է անում Բաքվին  անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ Արցախ։ «Միջազգային առաքելությունների մուտքը Արցախ էական է օժանդակություն տրամադրելու, անկողմնակալ մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող զեկույցներ կազմելու համար։

Հայաստանի և Բաքվի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն հարգվեն: Մենք մեծապես աջակցում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու համար», — նշված է հայտարարությունում։

Հայտարարությանը միացել են Արևելյան Հայաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Ավստրալիան, Ավստրիան, Իսպանիան, Կանադան, Կիպրոսը, Հունաստանը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Շվեդիան, Շվեյցարիան, Ուրուգվայը և ևս 17 երկրներ։