Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նպատակը Հայաստանի և Բաքվի միջև երկարատև խաղաղության հաստատումն է, ինչպես նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովումը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա չի համաձայնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդումների հետ, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում «աշխարհաքաղաքական նկրտումներ ունի»։ «Դա բոլորովին ճիշտ չէ։ Հարավային Կովկասում մեր միակ նպատակն է ապահովել Հայաստանի և Բաքվի միջև հարաբերություններում տևական խաղաղություն և կայունություն, և, իհարկե, ապահովել, որ  Արցախի ժողովրդի մարդասիրական կարիքները և իրավունքները պաշտպանված լինեն», – ասել է Մեթյու Միլլերը։ Նա նաև հրաժարվել է մանրամասներ հաղորդել Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ  պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոյի և Բաքվի պաշտոնյաների միջև այս օրերին Բաքվում կայացած հանդիպման վերաբերյալ։