Ռաֆիկ Սիմոնյանը 25 տարեկան էր, ապրում էր Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Ռաֆիկ Սիմոնյանը ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 28-ին Սպանդարյան գյուղում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ծառայել է Երեւանի հատուկ նշանակության զորքերում։
Մինչեւ ծառայության անցնելը զբաղվել է բռնցքամարտով, ավելի փոքր տարիքում՝ կարատեով։
Պատերազմի 2-րդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Ռաֆիկը զանգել է Սպանդարյանում բնակվող իր ընկերոջը՝ Զախար Իսկանդարյանին։ Զախարն ասել է, որ զորահավաքով մեկնելու է առաջնագիծ։ Ռաֆիկը որոշել է միանալ ընկերոջը։ Նա հաշվառված էր Սիսիանի զինկոմիսարիատում, առաջնագիծ մեկնել է որպես կամավոր։ Ընտանիքի անդամներին չի տեղեկացրել գնալու մասին։
Ռազմաճակատ է մեկնել որպես հրետանավոր։ Պատերազմի ընթացքում եղել է առաջագծի տարբեր ուղղություններում. սկզբում նրանց հրետանին տեղակայված է եղել Վարանդայում, Հադրութում, հետո նահանջել են դեպի Մարտունի 2, ապա՝ Կարմիր Շուկա, պատերազմի վերջին օրերին տեղակայվել են Ննգիում, որտեղից կրակում էին դեպի Շուշի։ Ռաֆիկի ընկերները պատմում են, որ իրենց հրետանին եղել է լավագույններից ու անվրեպ խոցել է բոլոր թիրախները։ Ռաֆիկը ընտանիքին ոչինչ չի ասել, Ռաֆիկը առհասարակ շատ համեստ էր, չէր սիրում խոսել իր արածների մասին։
Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 6-ին։ Սովորականից երկար է խոսել, ասել է՝ հաղթելու ենք, հաղթած գալու եմ, լավ է լինելու։
Ռաֆիկի ընքերը ՝ Զախարը պատմում է, որ Ռաֆիկին ինքն է զոհված գտել, Մարտունու շրջանի Ննգի գյուղի շրջակայքում, նոյեմբերի 7-ի հրետակոծության հետևանքով ստացած բեկորային վնասվածքից։ Այն խոցել էր նրա կոկորդը, կտրել զարկերակը։ Շտապօգնության մեքենայով դուրս են բերել, բայց կյանքը փրկել չի հաջողվել։
Ռաֆիկի զոհվելուց հետո նրանք տեղափոխվել են Ասկերանի շրջան՝ գյուղ Այգեստան ու այնտեղ մնացել մինչեւ պատերազմի ավարտը։
Զախարը Սպանդարյանում ընկերոջ հիշատակին հուշաքար է կանգնեցրել։
Ռաֆիկին հուղարկավորել են նոյեմբերի 9-ին Մասիս քաղաքի գերեզմանատանը։