Մոսկվայի քեմալաբոլշևիկյան պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր է։

Նախ, Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը անօրինական է և անվավեր դրան կողմ հանդիսացող ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կարգավիճակների պատճառով։ Պայմանագրերի օրինականության համար կարևոր է պատվիրակությունների լիազորությունների օրինականությունը։ Ցանկացած միջազգային պայմանագրի օրինականության համար միջազգային իրավունքն ունի հստակ պահանջներ։ Ինչպես օրինակ՝ որևէ պայմանագիր կարող է համարվել օրինական, եթե այն ստորագրել է ճանաչված պետության օրինական իշխանության լիազոր ներկայացուցիչները։ Պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. ռուսական (բոլշևիկյան) և թուրքական (քեմալական) պատվիրակությունները դեռևս չէին ներկայացնում իրենց երկրների իշխանությունները։

Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»: Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում։ Հետևաբար՝ Մոսկվայի պայմանագիրը չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի  համար, առավել ևս՝ որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում՝ հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Բաքվին (պայմանագրում՝ հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների խախտումով։ 

Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում. «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»: