Ժորա և Արամ Արզումանյանները զոհվել են 2020-ի նոյեմբերի 7-ին, Շուշիում։ 

Եղբայրները ծառայում էին ոստիկանության ներքին զորքերում։ Բնակվում էին Արարատի մարզի Վեդի համայնքի Արալեզ բնակավայրում։ Պատերազմի առաջին օրը Ժորան ու Արամը հերթապահության չեն եղել։ Աշխատավայրից զանգահարել ու ասել են, որ պատերազմ է սկսվել, կանչել են աշխատանքի։ Եղբայրները մեկնել են առաջնագիծ, առաջին օրերին եղել են Քարվաճառում։ Հոկտեմբերի 24-ին եկել են հերթափոխի։ Ընտանիքի անդամները խնդրել են չգնալ։ Ժորան ու Արամն ասել են, որ չեն կարող։ Հետո նորից առաջնագիծ են մեկնել։ Տնեցիներին ասել են, թե Վարդենիսում են լինելու։ Միայն որդիների զոհվելուց հետո է Անահիտ Արզումանյանն իմացել, որ նրանք Շուշիում են եղել։

Վերջին անգամ զանգահարել են նոյեմբերի 7-ի առավոտյան։ Շատ կարճ են խոսել, ասել են, որ ամեն բան կարգին է։ Ժորայի կինը՝ Լիլիթը, հետո է իմացել, որ Արամն ու Ժորան շրջափակման մեջ են եղել։ Հարազատները տեղեկացել են, որ Արամը զոհվել է ցերեկը՝ ժամը 3-ին, Ժորան` երեկոյան ժամը 6-ին։ Ամուսնու զոհվելուց հետո Լիլիթ Ղազարյանը որոշել է ծառայության անցնել ոստիկանության ներքին  զորքերում։ Նոյեմբերի 13-ին ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Շուշիից աճյուններ են դուրս բերվել։ Նրանց մեջ էին նաև Արամի ու Ժորայի աճյունները։