ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Արցախում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Այս մասին հայտնել է Արևելյան Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Բաքվի ռազմական գործողությունները։ Վեհաժողովը ֆիքսում է, որ Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Բաքվի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։ Վեհաժողովը ֆիքսում է, որ առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։ Վեհաժողովը նշում է, որ էթնիկ զտումների իրականացումը՝ որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն, կարող է հանգեցնել անհատական քրեական պատասխանատվություն։ Վեհաժողովն անդրադառնում է վերջին երկու շաբաթում ավելի քան 100.600 հայերի կողմից  Արցախը լքելու փաստին, արձանագրում դրա պատճառները՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին  Բաքվի կողմից սկսված ռազմական գործողությունները և դրան նախորդած՝  Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը։ Վեհաժողովը խորապես համոզված է, որ Արցախի բնակչության ողբերգական արտագաղթը չպետք է ընդունվի որպես նոր իրականություն։ Որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր՝ Բաքուն պետք է պահպանի հավատարմություն կազմակերպության հիմնական արժեքներին և դրսևորի պատրաստակամություն՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարելու համար:Վեհաժողովն ակնկալում է, որ և՛ Հայաստանը, և՛ Բաքուն  կհարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև սահմանների անձեռնմխելիությունը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմաթիի հռչակագիրը:

Վեհաժողովը կոչ է անում բացել տարածաշրջանային կապուղիները` երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հիման վրա և ազգային իրավասության շրջանակում:

Այս համատեքստում Վեհաժողովն ընդգծում է, որ Նախիջևանի հետ հնարավոր կապը չի կարող գործարկվել Հայաստանի կամքին հակառակ և ի վնաս Հայաստանի ազգային շահի:

Վեհաժողովը պահանջում է, որ գլխավոր քարտուղարը և Նախարարների կոմիտեն հնարավորինս արագ կազմակերպեն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելության այցը, որը նպատակ կունենա տեղում գնահատել և նախանշել ձեռնարկվելիք միջոցները՝ տեղի հայերի իրավունքները պաշտպանելու համար՝ ներառյալ նրանց, ովքեր ապաստան են գտել երկրից դուրս, և ապահովելու բոլոր նրանց անվտանգ վերադարձը, ովքեր վերադառնալու ցանկություն կունենան: Ողջունում է Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի փաստահավաք առաքելությունը Հայաստան՝ ստեղծված իրավիճակում Կազմակերպության կողմից տրամադրվելիք աջակցությունը գնահատելու համար:

Վեհաժողովը նշում է, որ աչալրջորեն հետևելու է Բաքվի իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներին և վերջինիս կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը։