2023 թվականի հոկտեմբերին Բաքվի ղեկավարի Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում տեղադրվել է վերջինիս հրամանը՝ Տող գյուղի պատմական տարածքը հայտարարել «Տուղ» պետական պատմաճարտարապետական և բնության արգելոց։ Որպես արգելոց ստեղծելու «հիմք» նշվում է, որ ‹‹Տուղը պատմական այն բնակավայրերից մեկն է, որ ցուցադրում է ադրբեջանական ժողովրդի պատմական անցյալը: Այստեղ գտնվող հուշարձանները վերաբերում են Կովկասյան Աղվանքի հնագույն ժառանգությանը: Հրամանում նշվում է, որ արգելոցը ձևավորելու համար տրվում է երկու ամիս ժամկետ տեխնիկական հարցերի, կառավարման համակարգի և արգելոցի սահմանների ճշգրտման համար: 2020 թվականին 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքուն օկուպացրեց Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ: Բաքվի վերահսկողության տակ հայտնվեցին Հադրութի շրջանի պատմական բնակավայրերն իրենց հարյուրավոր բազմաբնույթ հուշարձաններով՝ ամրոցներ և բերդեր, եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, ժողովրդական սրբատեղիներ, ապարանքներ, պատմական գյուղատեղիներ, հնավայրեր: Հադրութի շրջանն իր հնամենի բնակավայրերով և հուշարձաններով հայ ինքնության կարևորագույն օջախներից է, իսկ Տողը՝ Դիզակի իշխանության և մելիքության կենտրոնն ու Արցախի պատմական, քաղաքական, մշակութային, օջախներից մեկը: Շրջանի բռնագրավումից հետո պաշտոնական Ադրբեջանն առաջին հերթին սկսեց յուրացնել հենց Հադրութի շրջանը: Կազմակերպվեցին այսպես կոչված ուդիական համայնքի ներկայացուցիչների այցերը Տող, ապա նաև Հադրութ, Ծակուռի, ուր շրջանի և ամբողջ Արցախի հայկական ժառանգությունը հայտարարվում էր աղվանա-ուդիական, իսկ Տողը՝ հնագույն աղվանա-ուդիական, ադրբեջանական բնակավայր։
Պատմական Հադրութի շրջանի յուրացման գործում իր ակտիվ դերն ունի Բաքվի , նախագահը, ով Արցախի օկուպացված շրջաններ այցելելիս, այդ թվում և իր ընտանիքի անդամների հետ, բավական մեծ տեղ է հատկացրել Տող, Հադրութ բնակավայրերին:
Այսպիսի այցերից մեկի ժամանակ Իլհամ Ալիեվն իր կնոջ և ընտանիքի անդամների հետ եղավ նաև օկուպացված Ծակուռի գյուղում, որի եկեղեցում էլ հյատարարեց, թե բոլոր այդ հուշարձանները հայկական չեն, այլ աղվանական, որ կեղծ են նրանց վրայի հայերեն արձանագրությունները, խաչերը, և որ ադրբեջանական կողմը այդ հուշարձանները բերելու է սկզբնական, պատմական տեսքի: Նույն Տող գյուղի տարածքում գտնվող եկեղեցիների, մատուռների, մելիքական ապարանքների, աղբյուրների, տների վրա կան տարբեր դարերում արված բազմաթիվ հայերեն արձանագրություններ, և նախագահի նման հայտարարությունները կանխորոշում են դրանց ճակատագիրը: Պարզ է, որ արգելոցի ստեղծման նպատակը այդ տարածքում պատմական հայկական անցյալի վերացումն է ու մշակութային ժառանգության այլափոխումը:
Հայկական ժառանգությունը հռչակելով աղվանական կամ ուդիական և այն յուրացնելով՝ ադրբեջանական կողմը միանշանակ մշակութային ցեղասպանություն է իրականացնում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թ․ Ճապոնիայում ընդունված իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից ելնելով՝ Հայկական մշակութային ժառանգությունն այդպիսով կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից։
Բացի այդ, ըստ «Զինված բախումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի՝ արգելվում է մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, նպատակ ունենալով թաքցնել կամ ոչնչացնել մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: