ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած` «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ:

Ի պատասխան՝ պետքարտուղարությունն ընդգծել է, որ «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Բաքվի և Երևանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տեւական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար», նշված է պետքարտուղարության պատասխանի մեջ։

Ամերիայն արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ «ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին՝ մարդասիրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում։ Մենք մեր կարեկցանքն ենք հայտնում տեղահանված անձանց՝ գիտակցելով, թե ինչ շոկի և տրավմայի միջով են նրանք անցնում, և ինչ անորոշության հետ են բախվում»