Ինչպես հստակ երևում է ‹‹Կովկասի ժառանգության մշտադիտարկում›› կայքի հրապարակած տիեզերական լուսանկարից Բաքուն  ոչնչացրել է Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվող և 1835 թվականին կառուցված պատմական Հալիվորի  կամուրջը։ Կամրջի մասին տեղեկությունները համեստ են: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված սալի վրա փորագրված շինարարական 7 տողանի արձանագրության` այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում և գործում էին մինչև Արցախյան երկրորդ պատերազմը: Կամուրջն իրար է կապել Տումի և Մեծ Թաղեր գյուղերը: Հուշարձանի մասին տեղեկությունները սակավ են: Մինչև 20-րդ դարի 90-ական թվականները երբեք չի արժանացել ճանապարհորդների և հետազոտողների ուշադրությանը: Հիմնական տեղեկությունները վերցված են Սամվել  Կարապետյանի՝ Արցախի կամուրջներին նվիրված աշխատությունից։

Կարող ենք արձանագրել, որ Բաքուն շարունակում է հայկական հետքերի ոչնչացումը Արցախի գրավյալ շրջաններում: Օկուպացված Հադրութի շրջանի տարածքում ադրբեջանական կողմը իրականացնում է մեծածավալ ճանապարհաշինարարական, ռազմական բնույթ կրող ինժեներական աշխատանքներ, որոնք վտանգում են Հադրութի շրջանի բազմաթիվ հուշարձանները, ինչի մասին բարձրաձայնվել է բազմաթիվ անգամ։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զինված բախումների  դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի կողմից։