2023 թվականի հոկտեմբերի 15-ին  ադրբեջանական CBC TV Azerbaijan հեռուստալիքով հեռարձակվեց բացահայտ քարոզչական բնույթ կրող «Արցախի ավերված տաճարներ. հայկական վանդալիզմի բացահայտում» ռուսալեզու վավերագրական ֆիլմը: Ֆիլմի հեղինակը և վարողը Բաքվում ռուսական համայնքի ղեկավարի տեղակալ, լրագրող Անաստասիա Լավրինան է: Ակնհայտ քարոզչական բնույթ կրող ֆիլմում թիրախավորված էին Արևմտյան Հայաստանի նահանգ հանդիսացող ՝ Արցախի Թալիշ գյուղի երկու կառույցներ՝ գյուղի մշակույթի տունը և սբ. Ամենափրկիչ եկեղեցին:

Թալիշ գյուղի սբ. Ամենափրկիչ եկեղեցին ներկայացվում է որպես աղվանա-ուդիական և վերագրվում 12-13-րդ դարերին: Նման կերպ է եկեղեցին ներկայացնում և թվագրում Բաքվի  ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, ով ակտիվորեն մասնակցում է հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված ադրբեջանական պաշտոնական քաղաքականությանը և քարոզչությանը: Ռոբերտ Մոբիլիի համար նման թվագրության համար հիմք է հանդիսացել այն, որ «եկեղեցին կառուցված է ավազաքարից, կրաքարից, որոնք հողմահարվում են 500-600 տարվա ընթացքում»: Իսկ քանի որ, ըստ նրա, եկեղեցու որոշ քարեր մաշված են, հողմահարված, ուրեմն եկեղեցին շատ ավելի հին է։ Նշենք, որ Թալիշի սբ. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1894 թվականին տեղի բնակիչների միջոցներով: Վավերագրական ֆիլմում հնչում է այն միտքը, որ եկեղեցին չի «հայկականացվել», գրեթե անաղարտ՝ «աղվանա-ուդիական տեսքով» է պահպանվել զուտ այն պատճառով, որ խորհրդային տարիներին շենքը օգտագործվել է որպես տնտեսական պահեստ և ներսի պատերը ծածկվել են սվաղի շերտով, ‹«որի շնորհիվ էլ տեղում մնացել են ուդիական խաչերը»: Ռոբերտ Մոբիլին հայտնեց այն միտքը, որ շուտով եկեղեցին պետք է վերանորոգվի, ամրակայվի որպես տարածքում աղվանա-ուդիական հուշարձանի, եկեղեցու ցուցադրման լավ օրինակ:

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի քարոզիչներն ու  իրենց «հետազոտողներ ու փորձագետներ» հռչակողները, տարրական գիտելիքի պակասն ու անտեղյակությունը լրացնում են ինքնահնար հայտարարություններով՝ ըստ առաջադրանքի և պահի փոխելով հայ քրիստոնեական կառույցների ժամանակն ու պատկանելությունը»։