2022 թվականի սեպտեմբերի 13-ին տելեգրամյան ալիքներում տարածվող տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական դիրքը գրավելուց հետո բարձրացնում են իրենց դրոշը, նկարահանվել է Կապանի Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող 101-րդ դիրքում։ Տեսանյութում երևացող 7 հայ զոհված դիրքապահ զինծառայողներից երկուսի դեմքը տեսանելի է, Հենրիկ Սաֆարյանը նրանցից մեկն է։ Ընտանիքում տեսանյութն առաջինը տեսել է հայրը, ճանաչել որդուն ու, առանց տեսածը որևէ մեկին հայտնելու, միանգամից ուղևորվել Կապան՝ գտնելու Հենրիկի մարմինը։ Հենրիկ Սաֆարյանը 19 տարեկան էր, ապրում էր Էջմիածին քաղաքում։ Ծառայությունը սկսել էր 2021թ․-ի ամռանը Արմավիրի ուսումնական զորամասում, որից հետո տեղափոխվել էր Կապան, կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ։ 2022թ․ սեպտեմբերի 12-ին Հենրիկին, 22 նորակոչիկների և էլի մի քանի հոգու հրաման են տալիս բարձրանալ Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող 101-րդ մարտական դիրքը՝ ինժեներական աշխատանքներ կատարելու։ Նույն գիշեր էլ Բաքվի զինված ուժերը սկսել են հարձակումը։ Ողջ գիշեր մարտ վարելուց հետո Հենրիկն առավոտյան զանգել է հորը, ասել, որ ամեն բան կարգին է, անհանգստանալ պետք չէ։ Դրանից հետո զանգել է ընկերոջը, ասել, որ շրջափակման մեջ է, ու գուցե դա իր վերջին զանգն է։
Հայրը ՝ Արա Սաֆարյանը 3 օր մնացել է Կապանում, փորձել գտնել ու դուրս բերել տղայի մարմինը։ Ընթացքում ադրբեջանցիների հետ միջադեպ է տեղի ունեցել․ հրաժարվել են այդ կողմից փոխանցել աճյունները։ Սկզբում ասել են՝ տեղափոխել են Բաքու, հետո՝ Վարդենիսի կողմից կփոխանցեն: Մինչև պապի մահանալը, ընտանիքում բացի հորից ոչ ոք չի իմացել Հենրիկի զոհվելու մասին։ Դեպքից երեք օր անց պապը՝ ավագ Հենրիկ Սաֆարյանը, աշխատանքից վերադառնալիս է եղել, տրանսպորտում ծանոթներից մեկը հարցրել է՝ ճի՞շտ են լուրերը, որ թոռը զոհվել է։ Դրանից հետո իջել է, լավ չի զգացել իրեն։ Թոռան մահը իմանալուց հետո, ավագ Հենրիկ Սաֆարյանը մահացել է։ Պապին հուղարկավորելուց հետո՝ սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում են, որ Շուշիից 32 աճյուն է փոխանցվել, Հենրիկի մարմինը նրանց մեջ էր։
Հենրիկ Սաֆարյանը զոհվել է բեկորային վնասվածքից, ողնաշարն է վնասվել։ Այդ մարտական դիրքում գտնվող 7 կամ ավելի (ստույգ թիվը հայտնի չէ) զինծառայողներից ոչ ոք ողջ չի մնացել, նրանցից երկուսը Հենրիկի մտերիմ ընկերներն էին՝ Հայկն ու Գոռը։ Հենրիկի իրերից ընտանիքին փոխանցել են միայն հեռախոսը, որի վրա դեռևս իր արյունն է, ու փայտե խաչից մի քանի հուլունք։ Հենրիկ Սաֆարյանը հուղարկավորվել է 2022թ․-ի սեպտեմբերի 20-ին, պապի կողքին։