Բերձորի միջանցքում ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում Բաքվում իրեն առաջադրված մեղադրանքները: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Խաչատրյանն ընդգծել է, որ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում որևէ հանցագործություն չի կատարել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում սկսվել է Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական երկրորդ նիստը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրան մեղադրում է հանցավոր խումբ ստեղծելու մեջ` պնդելով, որ գործով տուժված է ճանաչվել 59 մարդ։

Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։ Հիշեցնենք, որ Բաքուն խախտում է Ժնևյան երրորդ  ՝ ռազմագերիների հետ վարվելու կանոնները և  չորրորդը՝ պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության և նրանց իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիաների կետերը։ Նշենք, որ Բաքուն երկար ժամանակ հրաժարվում էր վավերացնել ժնևյան կոնվենցիաները՝ դրանք համարելով իր համար անընդունելի։ Սակայն նույնիսկ ժնևյան կոնվենցիաներին չմիացած երկրները ևս պարտավոր են պահպանել դրանց դրույթները և պատասխանատվություն են կրում պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության հանդեպ գործած հանցագործությունների համար։