Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեքորնյուն մտադիր է Արևելյան Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել Երեւանին սպառազինությունների վաճառքը, որպեսզի «ավարտվեն մի շարք հարցեր շատ օպերատիվ եւ կոնկրետ մակարդակով», տեղեկացրել է նա Սենատում լսումների ժամանակ, հայտնել է Politico-ն։
Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ֆրանսիան ռազմական տեխնիկա կուղարկի Արևելյան Հայաստան՝ հարեւան Բաքվի հետ հարաբերությունների թեժացման ֆոնին, բայց Լեքորնյուն հրաժարվել է որեւէ մանրամասն նշել Սենատի արտաքին գործերի եւ պաշտպանության կոմիտեին։ «Համենայն դեպս, դուք կարող եք տեսնել, որ զենքի որոշ տեսակներ բացառապես պաշտպանական բնույթ են կրում եւ չեն կարող վերուղղորդվել այլ նպատակների, ուստի դրանք կօգնեն մեզ Հայաստանին իրենց կյանքն ու տարածքները պաշպանելու հնարավորություն ընձեռել»,- ասել է Լեքորնյուն։
Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերինը նիստի բացման խոսքում միջազգային հրատապ խնդիրների շարքում նշել է նաեւ Հայաստանի վրա կախված սպառնալիքը։
Ի պատասխան՝ Լըկորնյուն ասել է, որ սերտորեն հետեւում է Հայաստանի շուրջ ընթացող պրոցեսներին, փոխվստահության մթնոլորտ կա Արևելյան Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ։ Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան պաշտպանական առաքելություն է բացել Հայաստանում, եւ նշանակված ռազմական կցորդի վրա տեղեկատվական գրոհներից ինքը եզրակացնում է, որ այդ ամենն արդյունավետ է։ Նա սենատորներին տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ կապի մեջ է լինելու Արևելյան Հայաստանի պաշտպանության նախարարի հետ՝ օպերացիոն և կոնկրետ միջոցառումները վերջնական տեսքի բերելու համար։
«Դուք տեսնում եք, որ Ֆրանսիան հավատարիմ է Հայաստանին, ես անձամբ շատ ներգրավված եմ եւ ազդված այն ամենից, ինչ տեղի է ունենում եւ կարծում եմ, որ սա նաեւ Ֆրանսիայի շահն է»,- եզրափակել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը