Բաքվի մշակույթի նախարար Ադիլ Քարիմլին ՝ Իսլամական աշխարհի մշակույթի նախարարների 12-րդ համաժողովի ժամանակ Շուշին ներկայացրել է որպես 2024 իսլամական մշակութային մայրաքաղաքի  թեկնածու քաղաք։ Հայտարարության մեջ նշված է․ «Շուշի քաղաքը եղել է Բաքվի պատմամշակութային, հասարակական և քաղաքական կյանքի կարևոր կենտրոններից, ինչպես նաև իսլամական քաղաքակրթության խորհրդանիշներից մեկը»։ 2024 թվականին համաժողովի մասնակիցների միաձայն որոշմամբ Շուշին հռչակվել է 2024 թվականի իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք։

Շուշին իր հիմնադրման օրից ի վեր եղել է ոչ միայն մահմեդականների, այլև հայ քրիստոնյաների քաղաք, 18-20-րդ դարերի հայ քաղաքակրթության ամենահայտնի օջախներից մեկը: Եվ քաղաքի հռչակումը որպես իսլամական աշխարհի  մշակութային մայրաքաղաք ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի  պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թ․ մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ինչպես նաև Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդի ՝ (ԻԿՕՄՕՍ)-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից և  ՅՈՒՆԵՍԿՕ-յի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում  պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում: Իսկ մշակութային ժառանգության իսկության փաստը ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի (Իսկության վերաբերյալ Նարայի փաստաթուղթ, 8-րդ կետ): Շուշի քաղաքի հռչակումը որպես մահմեդական  աշխարհի մշակութային մայրաքաղաք էականորեն խաթարում է քաղաքի պատմության, ավանդույթների, արտաքին և ներքին տարրերի,  քաղաքի հանդեպ բնակչության պատմական իրողությունների իսկության փաստը։  Տեղին է վկայակոչել նաև  2000 թ․-ին Ֆլորենցիայում ընդունված «Լանդշաֆտի պահպանության Եվրոպական կոնվենցիան», որը հորդորում է պահպանել քաղաքային բնակավայրերը  իրենց ամբողջությամբ՝ ներառյալ բնական լանդշաֆտը, վերջինիս էությունն ու առանձնահատուկ հատկանիշները, արժեքավորել  բնական և/կամ մարդկային գործունեության արդյունք հանդիսացող ժառանգությունը։ Նույն կոնվենցիայով Բաքուն  դիցուք պարտավորվում է  ճանաչել Շուշի քաղաքի բնական լանդշաֆտները` որպես արցախահայության   կենսավայրի էական բաղադրամասեր, վերջինիս  մշակութային և բնական ժառանգության արտահայտություն և նրա ինքնության հիմք (Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիա, հոդված 5) և ցանկացած գործողություն, որը կժխտի այս փաստը, էականորեն կխաթարի Շուշի քաղաքի մշակութային և բնական նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանությունը։ Շուշի քաղաքը միայն մահմեդական աշխարհին վերագրելը ակնհայտորեն ժխտում է նաև արցախահայ հանրույթի մշակութային իրավունքները, որով նրանք ունեն թեˊ կյանքի, թեˊ իրենց ստեղծագործ մտքի արդյուքում ստեղծված ժառանգության պահպանության իրավունք, որը կարող է ընդգրկել նաև ոչ նյութական տիրույթը (ավանդույթ, պատկերացումներ, հավատալիքներ, մշակութային հիշողություն և այլն) ինչպես հաստատված է Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերում ։