Ալիսա Մելքոնյանը 2016-ի քառօրյա պատերազմում զոհված եղբոր` ենթասպա Գագիկ Մելքոնյանի հուղարկավորության օրը երդվել էր, որ վերջինիս գործն ինքը շարունակելու է։ Այդպես էլ եղավ, սակայն ճակատագիրը կրկնվեց, և նա զոհվեց հայրենիքը պաշտպանելիս` եղբոր պես։ 41-ամյա Ալիսան զոհվել է 2022–ի սեպտեմբերի 13-ին, և այժմ Մելքոնյանների տանը իրար կողք կողքի զինվորականի հագուստով քրոջ և եղբոր երկու հուշանկյուն կա։
Ալիսան ծառայության է անցել Օմարում, որտեղ Գագիկի մարտական ընկերները նրան ցույց են տվել եղբոր խրամատը, վայրերը, ուր մարտեր են ընթացել։ Ալիսան իրենց խմբի միակ աղջիկն էր։ Եղբոր պես դիպուկահար էր` լավագույն նշանառուներից. Ալիսայի «ձեռքի ուժը» զգացել են 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ավելին` Ալիսայի սառնասրտությունն ու հանգստությունը ոգևորել է մյուսներին։2020–ի հոկտեմբերի 17-ին Ալիսան ծանր վիրավորում է ստանում ոտքից և մեջքից…
Եղբայրը` Սամվելը, հիշում է, թե ինչպես էր զինհոսպիտալում պառկած քույրը պայքարում, որ իրեն հանկարծ հաշմանդամության կարգ չտան, և ինքը կարողանա ծառայությունը շարունակել։ Ավելին` Ալիսան զանգել էր հրամանատարությանը և խնդրել, որ միջնորդեն իրեն կարգ չտալու հարցում։ Իսկ նրա առողջական վիճակը ոչ մի կերպ չէր կարգավորվում` ծնկի մեջ պարբերաբար ջուր էր հավաքվում։ 44-օրյայից հետո, քանի որ Քարվաճառը հանձնել էին Բաքվին, Ալիսան տեղափոխվել է Վարդենիսի զորամաս և ծառայությունը շարունակել այնտեղ, չնայած առողջական խնդիրներին։
Ալիսայի կրտսեր եղբայրը ՝ Սամվելը հարցազրույցներից մեկում ասել է․
«Երբ պատերազմը սկսվեց, Ալիսան ծառայության մեջ էր։ Սեպտեմբերի 12–ի լույս 13-ի գիշերն էր` զանգում էի նրան. սկզբում պատասխան չկար, հետո անհասանելի դարձավ։ Անմիջապես գնացի Վարդենիս, ուզում էի մի լուր իմանայի. ունեի, չունեի` մի քույր ունեի։ Վերջապես գիշերը 3։30-ին ինքը զանգեց ու ասաց` իրավիճակը ծանր է։ Այդքանը։ Դրանից հետո լուր չունեի իրենից… Հաջորդ օրն իմացա` զոհվել է»։
Եղբայրը պատմել է, որ Ալիսայի խմբի բոլոր անդամները զոհվել են, քանի որ շրջափակման մեջ են ընկել մեծաքանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից։ Անգամ չգիտեն` Ալիսայի դիրքն այժմ մե՞ր, թե Ադրբեջանի վերահսկողության ներքո է։ Ալիսայի մարմինը Բաքուն Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 20-ին` 94 այլ զինծառայողների դիերի հետ։