1919թ. հունվարի 18-ին Փարիզում սկսում է գործել Խաղաղության վեհաժողովը, որը պետք է կարգավորեր Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով առաջացած միջազգային, տարածքային, ազգային եւ այլ խնդիրներ։ Հայերը մեծ հույսեր էին կապում Խաղաղության վեհաժողովի հետ եւ ակնկալում էին, որ Արևմտյան Հայաստանի հարցը վերջապես արդարացի լուծում կստանա։ Հայկական շահերը Եվրոպայում ներկայացնելու նպատակով 1918թ. դեկտեմբերի սկզբին կազմավորվել էր հայկական պատվիրակություն։ Հայաստանի պատվիրակության ղեկավարը Ավետիս Ահարոնյանն էր, անդամներն էին Համո Օհանջանյանը եւ Միքայել Պապաջանյանը։ Փարիզում կար եւս մեկ Ազգային պատվիրակություն Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ, որը ձեւավորվել էր դեռեւս 1912թ. նոյեմբերին Բալկանյան պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի հարցը ներկայացնելու նպատակով։ Հայկական պատվիրակության ուղեւորությունը Եվրոպա դյուրին չէր. դեկտեմբերի վերջից մինչեւ 1919թ. հունվարի գրեթե կեսը պատվիրակության անդամները Թիֆլիսում էին, որտեղից չէին կարողանում հեռանալ. հայ-վրացական պատերազմի պատճառով Վրաստանի իշխանություններն ու բրիտանական ներկայացուցիչները չէին ձեւակերպում անհրաժեշտ փաստաթղթերը։ Հունվարի 9-ին միայն Ահարոնյանն ու Օհանջանյան Բաթումից ուղեւորվում են Պոլիս։ Միքայել Պապաջանյանը մնում է Թիֆլիսում «ընտանեկան գործերը» կարգավորելու համար եւ միանում է պատվիրակությանը միայն մայիսին։ Այս ձգձգումը, որն ուներ նաեւ անձնական պատճառներ, դառնում է պատվիրակության անդամներին մեղադրելու առիթ։ 1919թ. փետրվարի 4-ին՝ կազմավորվելուց ուղիղ երկու ամիս անց, հայկական պատվիրակությունը հասնում է Փարիզ։ Այդ ընթացքում Փարիզի խորհրդաժողովը սահմանում է, թե որ երկրներն ու ժողովուրդները ինչ կարգավիճակով կարող են մասնակցել նիստերին։ Հունվարին ձեւավորվում է, այսպես կոչված, 10-ի խորհուրդը, որի կազմում էին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ղեկավարներն ու արտաքին գործերի նախարարները։ Ապրիլին այս խմբից դուրս է գալիս Ճապոնիան, ապա՝ Իտալիան։ Մյուս բոլոր, այդ թվում՝ նոր ստեղծվող երկրների ներկայացուցիչները մասնակցում էին միայն այն նիստներին1, որի ժամանակ քննարկվում էր նրանց վերաբերող հարցերը։ Այսպիսով, հայկական պատվիրակությունը չէր մասնակցում նիստերին, ինչը խոր դժգոհություն էր առաջացրել։ Ավետիս Ահարոնյանը, հասնելով Փարիզ, հանդիպում է ազդեցիկ քաղաքական գործիչների հետ՝ փորձելով ապահովել հայկական պատվիրակության մասնակցությունը վեհաժողովի նիստերին։ Միաժամանակ Հայաստանի ներկայացուցիչները ձեւավորում էին իրենց հիմնական պահանջներն ու ակնկալիքները, որոնք բավականին հավակնոտ էին։
Արեւմտահայերի ու արեւելահայերի հակասությունները, որոնք դրսեւորվում էին Հայաստանի Հանրապետության հիմնադրման առաջին իսկ օրվանից, չէին կարող չարտահայտվել հայկական պատվիրակությունների գործելակերպում։ Հայ ժողովրդի երկու հատվածը, որ ճակատագրի բերումով բաժանված էր, ուներ տարբեր պատկերացումներ Հայաստան պետության մասին։ Եթե արեւելահայերի շրջանում գերիշխող էին առավել զուսպ ու չափավոր պատկերացումները, ապա արեւմտահայերը անկախ պետության սահմանները պատկերացնում էին գլխավորապես Արեւմտյան Հայաստանում՝ ներառյալ Կիլիկիան։
Դատելով Ահարոնյանի հուշերից՝ նա փորձել էր ամեն ինչ անել, որպեսզի Պողոս Նուբար փաշան լիակատար մասնակցություն ունենա դիվանագիտական աշխատանքներում, եւ Ազգային պատվիրակության մոտեցումները հաշվի առնվեն։
1919թ. փետրվարի 24-ին՝ Փարիզի իր բնակարանում ընթրիքի ժամանակ, որին ներկա էր նաեւ Պողոս Նուբարը, Ահարոնյանը ստանում է վեհաժողովին մասնակցելու հրավերը։ «Ընթրիքից վերջը անակնկալ կերպով ստացա Խաղաղության Կոնգրեսի հրավերը հաջորդ օրը, ճաշից հետո, ժամը 4-ին ներկայանալ Տասի Խորհրդին (Conseil de Dix)՝ հայկական պահանջները ներկայացնելու։ Բոլոր ներկաներին այդ ուրախություն պատճառեց, մնում էր միայն ճշտել, թե՝ արդյոք Պողոս Փաշա՞ն էլ ստացել է նման հրավեր, թե ոչ։ Հավատացած էինք, որ նույնպիսի հրավեր ղրկված կլինի Փաշայի բնակարանը։ Հեռախոսով եղած հարցումը, սակայն, բացասական պատասխան ստացավ։ Անհանգիստ եղանք ամենքս էլ, իսկ Փաշան հուզված էր մինչեւ զայրույթ եւ շտապով տուն գնաց»,- գրում է Ահարոնյանը։
Պատվիրակության ղեկավարն անմիջապես հրավիրում է անդամներին՝ քննարկելու հաջորդ օրվա իր ելույթը եւ մեկ անգամ եւս հստակեցնելու Հայաստանի պահանջները։ Որոշվում է, որ եթե Պողոս Նուբար փաշային թույլ չտան մասնակցել նիստին, ապա Ահարոնյանը կներկայացնի ամբողջ Հայաստանի դատը, իսկ թույլտվության դեպքում՝ Նուբար փաշան։
Հայկական պատվիրակությունների քննարկումների արդյունքում 1919թ. փետրվարին ձեւավորվում է հայկական կողմերի ընդհանրական պահանջը՝ անկախ Հայաստանը պետք է ունենար հետեւյալ սահմանները.
1. Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սվազի, Կարինի, Տրապիզոնի վիլայեթները։
2. Կիլիկիայի չորս սանջակները՝ Մարաշը, Գոզանը (Սիս), Ջեբել-Բերեքեթը եւ Ադանան՝ Ալեքսանդրեթի նավահանգստով։
3. Հայկական Հանրապետությունը Կովկասում, ներառյալ Երեւանի նահանգը, Թիֆլիսի նահանգի հարավային մասը (Լոռին եւ Ախալքալաքը), Ելիզավետպոլի նահանգի հարավ-արեւմտյան մասը ։