Որքան մոտենում էր Օսմանյան Թուրքիայի պարտությունը Առաջին աշխարհամարտում, այնքան նա գիտակցում էր այդ ամենի հնարավոր հետևանքները և հարկադրված էր հաշտվել անկախ Հայաստանի գոյության փաստի հետ՝ պայմանով, որ այն լիներ Հարավային Կովկասի սահմաններում և ոչ թե Արևմտյան Հայաստանում: Նրա նպատակն էր Արևմտյան և Արևելյան Հայաստանները մեկընդմիշտ անջատել միմյանցից, վերջ տալ մեծ տերությունների միջամտությանը Թուրքիայի իշխանության ներքին գործերին՝ Արևմտյան Հայաստանի հայերի հարցը պատրվակ բռնելով, փորձել հարցը համարել «լուծված» և կանխել Արևմտյան Հայաստանի հայության համար ինքնավարություն կամ բարեփոխումներ անցկացնելու հնարավոր պահանջը Անտանտի տերությունների ապագա միջազգային վեհաժողովի կողմից: Մինչդեռ օսմանյան կառավարությունը մինչև տարբեր վեհաժողովների հրավիրումը Արևմտյան Հայաստանի ժողովրդագրական կազմը արագ և հիմնովին փոխելու՝ թուրքացնելու հեռահար նպատակով վաղուց ի վեր պարբերաբար հետևողականորեն իրականացնում էր իր ավանդական քաղաքականությունը, այն է՝ բացառել ցեղասպանության պատճառով հայրենազրկված Արևմտյան Հայաստանի փախստականների վերադարձն իրենց հայրենի օջախներ և Արևմտյան Հայաստանում բնակեցնել Անդրկովկասի և այլ երկրամասերի մուսուլմանների և միջազգային հանրությանը հրամցնել, թե Արևմտյան Հայաստանում չկա մի տարածք, որտեղ հայերը մեծամասնություն են: Անգամ Արևմտյան Հայաստանը հայաթափելուց հետո (Արևելյան Հայաստանում կուտակվել էին շուրջ 500 հազար Արևմտյան Հայաստանից գաղթականներ) օսմանյան ռազմաքաղաքական ղեկավարությունը քրիստոնյա բնակչության նկատմամբ ճնշումներով և ուժի սպառնալիքով անցկացրեց կեղծ հանրաքվե՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե իբր այնտեղ հայությունը ազգային փոքրամասնություն է: Փաստորեն նրանց պաշտոնական դիրքորոշումն էր՝ այլևս թույլ չտալ Արևմտյան Հայաստանի հայերի վերադարձը Արևմտյան Հայաստան։