Բաքվի  ղեկավարի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, թե իբր Բաքուն ճանաչում է Զանգեզուրը որպես Արևելյան Հայաստանի ինքնիշխան տարածք։ BBC-ի հարցին, թե Հայաստանում մտավախություն ունեն, որ Բաքուն ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել Զանգեզուրը, Էլչին Ամիրբեկովը հերքել է նման ծրագրերի առկայությունը։ 

«Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը։ Մեզ պետք են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, ով գնացք է նստում Բաքվի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակը»,- նշել է Ամիրբեկովը։ 

Հետաքրքրական է՝ ինչպե՞ս է Ամիրբեկովը հերքում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» զավթելու իրենց նկրտումները, երբ օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանի առաջ նախապայման է դրել, որ, եթե Հայաստանը իսկապես ցանկանում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, պետք է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվի։ 

Այս մասին բազմաթիվ անգամ հայտարարել է նաև Բաքվի ղեկավար Ալիևը։

Ստացվում է, որ Զանգեզուրի (Սյունիք) նկատմամբ տարածքային նկրտումներ չունենալու ադրբեջանական խոսույթը կեղծիք է ու կեղտոտ քաղաքականություն՝ կոծկելու իրենց մեծ ախորժակը։ Ալիևը ամեն կերպ փորձում է հայ հանրությանը համոզել, թե այսպես կոչված խաղաղության դարաշրջանը մոտ է, մինչդեռ իրականությունն այլ է, ինչը ցույց են տվել վերջին երեք տարիները։