Հայաստանի հասարակության մեջ տարածված կարծիք կա, որ երբ Արևելյան Հայաստանի  պաշտպանության նախարարությունը հաճախակի հերքում է Բաքվի պաշտպանության նախարարության հայտարարությունները, ուրեմն նոր ռազմական գործողությունների վտանգ կա: Բաքուն  հիմնականում հայտարարում է, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ հայկական կողմը հերքում է դրանք։  Փորձենք  հասկանալ՝ արդյոք մինչեւ ռազմական գործողությունները Բաքուն տեղեկատվական պատերազմ է սկսում, թե դա միայն կարծիք է և չունի փաստական հիմնավորում։

Ուսումնասիրել ենք 2021, 2022 և 2023 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակումները, որոնցից առանձնացրել ենք Բաքվի պաշտպանության նախարարության հայտարարությունները հերքող հաղորդագրությունները։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքումներն ավելի համակարգված ձեւով է անում 2022 թվականից սկսած։ Եթե 2021-ին դրանց թիվը յոթն է և ոչ այնքան հստակ, ապա 2022 և 2023 թվականներին  դրանց թիվն աճել է, փոխվել է նաեւ հերքման  ձևը։ Եթե 2021 թվականին ոչ բոլոր հաղորդագրություններում էր գրվում հստակ՝ որ հայտարարությունն է հերքվում, ապա 2022 և 2023 թվականների ընթացքում դրանք հստակ են, քանի որ նշվում է, թե ադրբեջանական կողմի որ և ինչ բովանդակություն պարունակող հայտարարությունն է հերքվում։

Այն համոզմունքը, թե ռազմական գործողություններից առաջ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում սահմանային իրավիճակի վերաբերյալ, կարելի է որոշակի վերապահումով օբյեկտիվ համարել՝ դրանք տվյալների վերածելով։

2022 թվականի ընթացքում հերքող հաղորդագրությունների բաշխվածությունը հիմնականում անկանոն է, բացի սեպտեմբեր ամսից։ 2022 թվականի սեպտեմբերին հաղորդագրությունների թիվը 14 է, որոնցից 13-ը եղել են մինչեւ սեպտեմբերի 14-ը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այս ամենին հաջորդել է 2022-ի սեպտեմբերի 13-ի՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հարձակումը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ՝ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։

2022-ին սահմանային հրադադարի խախտման դեպքեր եղել են նաև մյուս ամիսներին, բայց հերքող հաղորդագրությունների և դրանց միջեւ կապ տեսնելը բարդ է, քանի որ հաղորդագրությունները հիմնականում անկանոն են բաշխված ամիսների մեջ։

2023-ի ուսումնասիրությունները կներկայացնենք առաջիկայում