Հոկտեմբերի 17-ին կայացած լիագումար նիստի ընթացքում Իսպանիայի Սենատը միաձայն ընդունել է Արցախի հայության դեմ Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն: Ինչպես հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից, հայտարարության մեջ ասվում է. «Ի պատասխան Բաքվի իշխանությունների կողմից Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ռազմական գործողության, որը հանգեցրել է հարյուրավոր հայերի մահվան և հազարավոր մարդկանց զանգվածային գաղթի,
Սենատը՝
-Խստորեն դատապարտում է Բաքվի կողմից իրականացվող անհիմն ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
-Կոչ է անում կողմերին վերականգնել դիվանագիտական ուղիները և իր մերժումն է հայտնում Բաքվի կառավարության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարով և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումներով ստանձնած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ:
-Պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ Բաքվի կառավարությունը վավերացրել է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ կոնվենցիան։
-Ցավում և դատապարտում է մարդկային կյանքերի կորուստը և իր համերաշխությունն է հայտնում Արցախի հայ բնակչությանը և Իսպանիայում բնակվող հայ համայնքին։
-Ընդգծում է Բաքվիի իշխանությունների պատասխանատվությունը՝ Լեռնային Արցախի իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու հարցում, և պահանջում է, որ նրանք թույլ տան միջազգային դիտորդների և հումանիտար օգնության մուտքը տարածաշրջան։
-Հաշվի է առնում և աջակցում է ԵՄ բարձր ներկայացուցչի և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի ջանքերը՝ համարելով, որ Եվրամիությունը կարող է և պետք է նպաստի հակամարտության բանակցային, համընդհանուր և տևական լուծում գտնելուն։