Ադրբեջանցի հնագետ Սաբուհի Հուսեյնովը հաճախ իր ֆեյսբուքյան էջի  գրառումներով անդրադառնում է դեռևս 2001 թվականին Երևանի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերված մահմեդական դամբարանին, որի պեղումները նույն թվականին իրականացրել է հնագետ Հուսիկ Մելքոնյանը, իսկ չափագրումը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Սաբուհի Հուսեյնովը, ծավալուն անդրադարձ կատարելով դամբարանին, անցնում է իր սիրած հակահայ մտավարժանքներին՝ թե իբր հայ հնագետները, հետազոտողները դամբարանի հայտնաբերումից հետո թաքցրել են նրա գոյությունը գիտական հանրույթից և նույնիսկ հայ հասարակությունից: Ադրբեջանցի հնագետը դամբարանը փորձում է ներկայացնել որպես ադրբեջանական մշակույթին բնորոշ տարր և դրանով է բացատրում, որ հայ գիտական միտքը հատուկ է այն թաքցրել, իսկ որոշ դեպքերում էլ այն ներկայացրել է որպես մոնղոլական՝ ոչ ցանկալի իրականությունը թաքցնելու համար: Մեկ այլ գրառման մեջ նա նշում է, որ անգամ չկան գիտական հրապարակումներ այս դամբարանի մասին և նա պատահական է իմացել նրա մասին դեռևս 2001 թվականին նկարահանված լրատվական տեսանյութից, որն էլ նա հղում է տալիս: Պեղված դամբարանի վրայի հայերեն և արաբերեն արձանագրությունների միասին լինելը նա ներկայացնում է որպես հայկական կողմի բացահայտ խարդախություն և իրականության խեղաթյուրում: Հուսեյնովը նաև նշում է, որ հայերը հատուկ թաքցված և իբր ադրբեջանցիների համար սրբավայր հանդիսացող շինության ավերակների վրա գիշերային ակումբ են կառուցել: Չանդրադառնալով ադրբեջանցի հնագետի նման անհեթեթ հայտարարություններին՝ հիշեցնենք, որ դամբարանը հայտնաբերվել է արդեն գոյություն ունեցող և գործող ակումբի նկուղային հարկում իրականացվելիք շինարարական աշխատանքների ժամանակ։ Աշխատանքները կանգեցվել են և իրականացվել են պեղումներ: Պեղումները իրականացրած հնագետ Հուսիկ Մելքոնյանը գիտական հոդվածներով անդրադարձել է այս դամբարանին: Երևանի մահմեդական դամբարանին անդրադարձել են, նկարագրել նաև այլ հայ հետազոտողներ։ 

Ինչպես օրինակ, ճարտարապետ Լեոնիդ Բրետանիցկին, ով առավել մանրամասն նկարագրել է Խաչենի մահմեդական դամբարանը, ակնհայտ նմանություններ է տեսել այս դամբարանի և Եղվարդում գտնվող եկեղեցի-դամբարանի միջև : 1301 թվականին կառուցված Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցի-դամբարանի ճարտարապետն է Շահիկ վարդպետը, ինչի մասին է վկայում լուսամուտներից մեկի խոյակի վրայի արձանագրությունը։

Հայ գիտական միտքը երբեք չի թաքցրել կամ մերժել հայկական մշակույթի ունեցած առնչությունները հարևան ժողովուրդների ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական և այլ մշակույթների հետ։  Այդ փոխառնչությունների   արդյունքում դրանցից յուրաքանչյուրը յուրացրել է նոր  հատկանիշներ, հարստացել է նոր ձեռքբերումներով։  Երևանի, Խաչենի և Վանոցայի մահմեդական դամբարանները և այլ հուշարձաններ ասվածի լավագույն վկայությունն են: