ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանը իր ռազմական ուղին ընտրել էր գիտակցված եւ ողջ կյանքում հավատարիմ մնացել ընտրած գործին: Այդ ընտրության մեջ դեր ունեին Վազգեն Սարգսյանը եւ քեռին՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանը, որի ռազմական մկրտությամբ է սկսվել հերոսի ուղին: Նրա հորդորով է Վահագնի մայրը` տիկին Սիման համաձայնել որդու մասնագիտական ընտրության հետ:

Փոխգնդապետ Անդրանիկ Մխիթարյանը իր հուշերում գրում է, որ, իրենց  հրամանատարը չզոհվեր, պատերազմի ելքն այլ կլիներ: Մռավի լեռնաշղթայի ամբողջ օպերացիայի ժամանակ 4-5 օր մշտապես ՝Վահագն Ասատրյանը  դրսում էր: Տեղազննման աշխատանքներն անձամբ էր կատարում, անձամբ էր ընդունում նաեւ բոլոր որոշումները: Միանգամից կանխազգում էր հակառակորդի նոր մտահղացումը եւ այն խափանելու հմուտ ծրագիր էր մշակում: Յուրահատուկ վերաբերմունք ուներ իր մոր նկատմամբ. ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ անգամ պատասխանում էր երկու մարդու հեռախոսազանգի` մեր ընդհանուր վերադասի եւ մոր: Կարեւոր չէր՝ հրետակոծություն էր, ավիացիայի հարվածներ էին, միեւնույն է՝ պատասխանում էր: Մխիթարյանը Հադրութի մարտերի մասին գրում է, որ  Վահագն Ասատրյանի ջանքերի շնորհիվ մեծ ու ջախջախիչ հարված հասցվեց թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանումներին: Ադրբեջանցիները  50-70 դի էին թողել մարտի դաշտում: 

Նշում է, որ իրենց  ինֆորմացիայի համար գերիներ էին պետք: Վահագն Ասատրյանը  անձամբ էր բոլոր դիակները ստուգում. ուզում էր համոզվել՝ նրանց մեջ կենդանի կա, թե ոչ: 

Այդ 70 հոգուց միայն երկուսն ունեին կապիտանի կոչում, մյուսները բոլորը մայոր, փոխգնդապետ եւ գնդապետ էին: Դա իրենց էլիտար ստորաբաժանումներից մեկն էր:

Անդրանիկ Մխիթարյանը գրում է, որ Վահագն Ասատրյանի մարտական խնդիրն ուրիշ ուղղությամբ էր։ Այն խնդիրը, որ նա կատարեց մահվանից առաջ , պետք է մեկ այլ ստորաբաժանում աներ: Սակայն Վահագն Ասատրյանը  որոշեց, որ ինքը պետք է բոլոր բարձունքները անցնի ու պաշտպանության անցած բոլոր ստորաբաժանումներին հատ-հատ խնդիրներ առաջադրի: Ցանկանում էր վերջնականապես կայուն պաշտպանություն ստեղծել, այդ պատճառով էլ անձամբ մեկնում էր ու խնդիրներ առաջադրում: Հակառակորդը բացահայտել էր հատուկ նշանակության բրիգադի հզոր հրամանատարի տեղը, որովհետեւ պատերազմի սկզբից փնտրում էր Վահագն Ասատրյանին: Հրամանատարն էլ վախ չուներ… Նա վախ չուներ, որովհետեւ իրավունք չուներ վախենալու, որովհետեւ բոլոր ստորոբաժանումներն իրեն էին նայում: Միշտ առաջինն ինքն էր գնում: Որոշում էր կայացնում եւ առաջինը ինքն էր գնում, որ մյուսները համոզվեին, որ իր ընդունած որոշումը ճիշտ է: Երբ զոհվեց, բոլորը հուսահատ էին, բայց հետագայում ամբողջ զորամասը մի կարգախոսով էր առաջնորդվում՝ բոլորս Վահագն ենք ու մեր գործը անում ենք իր պատիվը բարձր պահելու եւ կիսատ գործը շարունակելու համար: