Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներին, արդեն երեք տարի է՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո պետական մի գերատեսչությունից ուղարկում են մեկ այլ գերատեսչություն։ Քննչական կոմիտեն ուղարկում է ԱԱԾ, ԱԱԾ-ից ուղարկում են ՊՆ, սակայն ծնողներին այդպես էլ չի հաջողվում որևէ լուր իմանալ իրենց որդիների մասին։ Սեպտեմբերի 12-ին Արևելյան Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր հանդիպել ծնողներին՝ հուսադրելով, որ հարցը լուծում կստանա, սակայն դրանից հետո որևէ փոփոխություն չկա։ Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ ծնողներն իրենց կողմից մեծ աշխատանք են տանում, այս ու այն գերատեսչության դռները թակելով, խնդրի մասին բարձրաձայնելով, սակայն որևէ տեղից դրական պատասխան չեն տալիս։ Նրա խոսքով՝ այսօր այդ զորամասի գործով դատական նիստերը սկսել են արագացնել՝ ամիսը չորս անգամ դատական նիստ է անցկացվում, սակայն անձամբ չի կարողանում մասնակցել, քանի որ առողջական խնդիրներ ունի, նիստին մասնակցում է ամուսինը և մյուս տղան։
«Մենք ԱԱԾ-ից ու Սուրեն Պապիկյանից խնդրել էինք, որ մեզ արբանյակ տրամադրեն, որպեսզի նայեինք երեխաների տեղաշարժն իրենց անհետացման օրը, անգամ դա չարեցին, ասացին՝ Արգենտինայի հետ պայմանագիր կկապենք, թող Արգենտինան տրամադրի։ Ինչ ասեմ, մի խոսքով՝ ոչ մի բան չի արվում, այնքան որ, անիմաստ գնում ենք, նյարդայնանում ենք ու կրկին վերադառնում մեր տուն ու մնում մեր ցավի հետ միայնակ։
Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, արդեն երևի պատկերացնում եք մեր երեխաների ճակատագիրն ադրբեջանական գերության մեջ։
Մենք ունենք տեսանյութեր, թե ինչպես են տանում տղաներին, դրանից հետո նրանց ճակատագիրն անհայտ է, հաստատ գիտեմ, որ տղաս գերի է»,- եզրափակեց Հռիփսիմե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործով դատաքննությունը շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում: