Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը կմնա կալանավորված ևս 3 ամսով։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՝ հոկտեմբերի 20-ին, շարունակվեց Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործի քննությունը։

Ըստ մեղադրանքի՝ Սևակ Աբրահամյանը, զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Մեղադրանքում որպես ծանր հետևանք նշված է այն, որ Բաքվի բանակը գրավել է Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Դատարանը խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը քննեց։

Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանն ասաց, որ որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել երեք ամիսների ընթացում, որոնք հիմք կծառայեն փոփոխել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ինչպես նաև շարունակում են լինել այն ռիսկերը, որոնք նշվել են խափանման միջոց կալանքը կիրառելու ընթացքում։  Սևակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանն էլ, արձագանքելով մեղադրողին, նշեց, որ նոր հանգամանք պետք է ի հայտ գա, որպեսզի կալանքը շարունակական լինի։ Իսկ նոր հանգամանք չէր կարող ի հայտ գալ, քանի որ դատական նիստ օգոստոսից չէր եղել։

Բացի այդ, պաշտպանը նշեց, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կիրառելի չէ Սևակ Աբրահամյանի նկատմամբ, քանի որ Արևելյան Հայաստանի սահամանները և Արցախի սահմանները չեն նույնանում։

«Քրօրենսգրքի 15-րդ հոդվածով՝ Արևելյան Հայաստանի տարածքից դուրս հանցանք կատարած Արևելյան Հայաստանի  քաղաքացիները, ինչպես նաև Արևելյան Հայաստանի քաղաքացին կամ Արևելյան Հայաստանում  մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրօրենսգրքով։ Սևակ Աբրահամյանը բնակվել է Արցախում և հանդիսացել է Արցախի քաղաքացի, նա Արևելյան Հայաստանի քաղաքացի չի հանդիսացել և չի հանդիսանում»,- հայտնեց նա։

«Հիմա ամբողջ Արցախի տարածքը հանձնվել է Բաքվին, քրեական գործ հարուցվե՞լ է». պաշտպան

Պաշտպանը դատարանին ներկայացրեց Սևակ Աբրահամյանի կողմից ուղարված հարցումը Արևելյան Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչություն, և դրա պատասխանն, ըստ որի՝ Արևելյան Հայաստանի բնակչության պետական ռեգիստրի պահոցում Սևակ Խորենի Աբրահամյանի անհատական տվյալներով Արևելյան Հայաստանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։

Պաշտպան Արման Թամրազյանն էլ հայտնեց, որ այս պայմաններում սա առնվազն ոչ արդար դատաքննություն է։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ասաց, որ պետք է պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն տան փաստաթղթերին ծանոթանալու, և իրենք իրավունք չունեն զրկելու որևէ փաստաթղթին ծանոթանալուց։

Մեղադրյալ Սևակ Աբրահամյանն էլ նշեց, որ այդ փաստաթղթերը հարյուրավոր էջեր են, սակայն իրենք մի քանիսին են ծանոթացել։

Դատախազը փակ ծրարով դատարանին հանձնեց գաղտնի 16 փաստաթուղթ։

Դատավորը նշեց, որ ներկայում նպատակահարմար չի գտնում ոչ գաղտնի փաստաթղթերի հետազոտումը։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 27-ին։