Ադրբեջանցի զինվորակաները շարունակում են վանդալիզմի  ենթարկվել Բաքվի  կողմից օկուպացված Արցախի Մատաղիս գյուղում «Արցախյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության անդամների ջանքերով կառուցված մատուռն ու շրջակայքի խաչքարերը:  

Սրբատեղին կրում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը, այն պետք է ծառայեր ինչպես հավատավոր զինվորականներին, այնպես էլ բնակիչներին: Մատուռի շուրջ տեղադրվել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների անունով խաչքարեր: Նոր մատուռի բացման և օծման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերին:

Տեսանյութում, որը տարածել է Արարատ տելեգրամյան ալիքը․ հստակ երևում է, թե ինչպես է ադրբեջանական դրոշը թիկունքին կրող զինվորականը ծանր քարերով նախ  խփում հայկական խաչքարերին, այնուհետև ոտքով դրանք տապալում գետնին։ Եվ սա այն դեպքում, երբ «Հայկական խաչքարերի արվեստը. Խաչքարերի նշանականություն ու վարպետությունը»  2010 թվականից սկսած ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թվականին ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»։ Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշյալ կոնվենցիայի «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժենքերի պաշտպանության» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի լրացուցիչ՝  1999 թվականին ընդունված Երկրորդ Արձանագրության սկզբունքների,   խաչքարային ողջ մշակույթը կրում է ուժեղացված պաշտպանություն և դրան հասցված ցանկացած վնաս՝ Արձանագրության 15-րդ հոդվածի ա) կետի համաձայն համարվում է «լուրջ խախտում», որը որպես ռազմական հանցագործություն կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Ասվածը փաստվում է վերոհիշյալ արձանագրության «Մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության» վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի,  մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է գտնվի  ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն,  2010 թվականից սկսած խաչքարային ողջ  մշակույթը համարել է  մարդկության համար բացառիկ համընդգրկուն արժեք։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի օկուպացված տարածքներում  արձանագրության կողմ պետությունը՝ Ադրբեջանը,  պետք է ապահովի  ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց։

Այս առիթով հարկ է հիշեցնել, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։