Հոկտեմբերի 23-25-ին Նախիջևանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները։ Այս մասին տելեգրամում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.
«Չնայած համատեղ երկկողմ ու բազմակողմ զորավարժությունների թվի շեշտակի աճն ինքնին շատ խոսուն փաստ է, սակայն այս զորավարժությունների պարագայում էական է տեղանքը, որտեղ ընթանալու են զորավարժությունները՝ Նախիջևան և Արցախի օկուպացված շրջաններ (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Վայոց Ձորի բաժանարար գծով)։
Էական է նաև այն, որ զորավարժությունները Բաքվի տարածքում են, ինչի համար Բաքու են բերվել նաև թուրքական F16-եր և ուղղաթիռներ։
Պետք չի բացառել, որ սա Սյունիքի և Վայոց Ձորի վրա թուրք-ադրբեջանական համատեղ հարձակման նախապատրաստության հերթական փուլն է և զորավարժությունները պարզապես պատրվակ են Նախիջևանում և օկուպացված Արցախում տեղակայել թուրքական ծանր զինտեխնիկա և ավիացիա»։