
Օսմանյան կայսրությունում սուլթան Աբդուլ Համիդ II-ի վարած հակահայկական քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ 1890-ական թվականներին, երբ հարյուր հազարավոր հայեր կոտորվեցին, բռնի կրոնափոխվեցին, տարագրվեցին: Նախադեպը չունեցող այդ դեպքերը չէին կարող վրիպել ժամանակակիցների ուշադրությունից: Հայերի հալածանքները համաշխարհային արձագանք ունեցան. բազմաթիվ առաջադեմ մարդիկ դատապարտեցին համիդյան վարչակարգը, եվրոպական մամուլում լույս տեսան բազմաթիվ դատապարտող հոդվածներ, ծաղրանկարներ, թուրքական վայրագությունները պատկերող գրքույկներ: Օսմանյան կայսրությունում ծավալվեց աննախադեպ նպաստամատույց գործունեություն, որի նպատակը համիդյան աղետի հետևանքները մեղմելն էր : Հայ ժողովրդի օրհասական դրությունը, բնականաբար, չէր կարող չքննարկվել և չլուսաբանվել նաև տվյալ ժամանակաշրջանի հայկական մամուլում: Ինչպես արևմտահայ, այնպես էլ արևելահայ մամուլը մեծ տեղ է հատկացրել հայ ժողովրդի կրած տառապանքների ներկայացմանը` այդպիսով լուսաբանելով և փաստագրելով համիդյան սարսափները: Որպես այդ կոտորածների մեկնարկ՝ կարևոր նշանակություն ունեն Սասունում 1894թ. ծավալված իրադարձությունները: Սասունի` 1894թ. ինքնապաշտպանության և կոտորածի լուսաբանումը: Այդ նպատակով Western Armenia Tv-ին ուսումնասիրել է «Մշակի›, «Մուրճի», «Նոր Դարի» և «Արձագանքի» հրապարակումները: Այդ թերթերն էին, որ 1890-ական թվականներին եռանդուն գործունեություն էին ծավալել արևելահայ իրականության մեջ: Վերոնշյալ բոլոր պարբերականներն էլ արևմտահայության կյանքը ներկայացնող բաժիններ ունեին, որոնց էջերում շատ են Արևմտյան Հայաստանի հարցին հարցին, ինչպես նաև համիդյան կոտորածներին նվիրված նյութերը: Հատկանշական են մասնավորապես համիդյան կոտորածներին առնչվող մի շարք կարևոր հիմնահարցերի վերաբերյալ արևելահայ թերթերի ընկալումները:
Արևելահայ մամուլը գործում էր ցարական գրաքննության պայմաններում, որի հետևանքով հայերի հալածանքների մասին բազմաթիվ նյութեր կամ չէին տպագրվում, կամ էլ պարզապես «մաքրվում» էին անցանկալի տեսակետներից: Ցարական Ռուսաստանի այս քաղաքականությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ այս շրջանում ռուս-թուրքական հարաբերությունների որոշակի մեղմացում էր նկատվում: Բացի այդ, ցարական կառավարությունը վախենում էր, որ սուլթանի հակահայկական քաղաքականության դեմ արևմտահայերի ազատագրական շարժումները կարող են «ոգևորիչ» նշանակություն ունենալ իր ենթակայության տակ գտնվող արևելահայերի համար : Մյուս կողմից հայկական թերթերը, չունենալով թղթակիցների մեծ բանակ, հաճախ ստիպված էին լինում բավարարվել Արևմտյան Հայաստանից հասնող կցկտուր տեղեկություններով: Չնայած խոչընդոտող նման պայմաններին` արևելահայ խմբագիրները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել հարցին: Ասվածը լավագույնս փաստում է «Մուրճի» խմբագիր Ավետիք Արասխանյանի այն դիտարկումը, ըստ որի. «Մեր ներքին կեանքի ուսումնասիրութեան ծրագրի մէջ մեծ պակասորդ կը լինէր, եթէ Տաճկա-Հայաստանի կեանքը իւր բաժինը չ’ունենար «Մուրճ»-ում: Արդ, մենք սկզբից իսկ մտածել ենք, որ այդ խնդրի մէջ մեր առարկան պէտք է լինի բուն երկիրը իւր ժողովրդով… «Մուրճ»-ը կ’աշխատի, հնարաւոր եղածին չափ, ամեն ամիս հաշիւ տալ Տաճկա-Հայաստանի ընթացիկ կեանքի դէպքերից» : Մյուս կողմից արևելահայ պարբերականները սեփական լրատվության պակասը լրացնելու համար լայնորեն օգտվել են արևմտյան և ռուսական պարբերականների հաղորդումներից: Սակայն, անշուշտ, առավել մեծ կարևորություն են ներկայացնում սեփական թղթակիցների հաղորդումները և դեպքերի գնահատականները:
Սասունի 1894 թ. կոտորածը Սասունում հայերն ունեին կիսանկախ վիճակ, որի պատճառների վերաբերյալ տեղին դիտարկում է արվում «Մուրճ»-ի համարներից մեկում. «…Նորա լեռնաբնակ ժողովուրդը վաղուց ի վեր վայելում է կիսաազատութեան նման մի դրութիւն. բայց այդ դրութիւնը ստեղծւել է ոչ թե որևէ քաղաքական արտօնութիւնների շնորհիւ, այլ միայն շնորհիւ երկրի լեռնային դրութեան, ուր բնակիչները, հայ թե քիւրդ, թերև ոչ աւելի քան 15 հազար, կէսը հայ, կէսը քիւրդ, երբէք չէին կարող իրենց դրութիւնից օգտւել յառաջադիմութեան ճանապարհի վրայ իրանց դնելու համար, բոլորովին ընդհակառակը, դա՝ անխնամ թողած տեղերից մէկ է, ուր մարդկանց վիճակը միանգամայն թողած է բնութեան բերմունքին…» : Ասվածը լավագույնս բնութագրում է սասունցիների կիսանկախ վիճակը պայմանավորող երկու հիմնական գործոնները` աշխարհագրական դիրքը և բնակիչների համեմատաբար անբարեկեցիկ կյանքը:
Օսմանյան իշխանությունները 1890-ական թթ. առաջին կեսին մի քանի անգամ փորձել էին վերջ տալ դրան, սակայն ապարդյուն: Սուլթանի հակահայկական քաղաքականությունը հասել էր իր գագաթնակետին, օրեցօր ավելացող հարկերը, հայերի նկատմամբ թուրք աղաների և քուրդ բեկերի սանձարձակ պահվածքը ստիպում էին սասունցիներին դիմել ինքնապաշտպանության: 1893 թ. հայերի և քրդերի միջև բախումները հաճախակի են դառնում, իսկ 1894թ. ամռանը հայերը դիմում են ապստամբության՝ կտրականապես մերժելով հարկեր վճարել: Այսպես, հարկերը երկար ժամանակ սասունցիների կողմից չվճարելը պատճառ դարձնելով, բայց իրականում Սասունը հիմնահատակ ավերելու նպատակով, 1894թ. Մուշում կենտրոնացվել են թուրքական չորրորդ բանակի զորամասերը Զեքի փաշայի հրամանատարությամբ : Հարձակումը սկսվել է Շենիք և Սեմալ գյուղերից:
Շարունակելի․․․
Western Armenia Tv-ի լրագրող Աշխեն Վիրաբյան