Սասուն Մովսիսյանը  ծնվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում,2001թվականի հոկտեմբերի 31-ին։ Բանակ է զորակոչովել 2020 թվականի հունվարի 20-ին: Սկզբում ծառայել է Հադրութում, այնուհետև Զինավանում։

Ծառայությունն անցկացրել է որպես վարորդ։

Պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում` կատարելով իր մասնագիտական պարտականությունները։ Հենց առաջին օրը` սեպտեմբերի 27-ին, իր մարտական ընկերների հետ երեք մեքենայով Ջրականի մոտակայքում`չեզոք գոտում, իրականացնում են ականապատման աշխատանքներ։ Գործողության ընթացքում անօդաչու թռչող սարքը հարվածում է մեքենաներից մեկին` զոհվում են երեք հոգի։ Սասունը, այդ ամենից հետո, մյուս երկու մեքենաները պահում է թաքստոցում և ընկերների հետ մեծ դժվարությամբ վերադառնում է իրենց բնագիծ։ Այս ամենից հետո հրամանատարությունը խոստանում է նրան ներկայացնել պարգևատրման`  «Մարտական Խաչ՝ առաջին աստիճանի» շքանշանի։

Նույն օրը` արդեն երեկոյան, առաջնագիծ է հասնում Սասունի հայրը` Սևակ Մովսիսյանը։ Հայրը, որդուն գտել էր թոքաբորբով հիվանդ, բարձր ջերմությամբ և որոշել էր գիշերը, հնարավորության դեպքում, տանել հիվանդանոց, Սասունը նեղվել էր, հորն ասել էր. «Ես ոտքի վրա կանգնած եմ, ես ինձ թույլ կտա՞մ գնամ հիվանդանոց»։ 8 օր միասին հայր և որդի մասնակցնում են համառ մարտական գործողությունների։ Հոկտեմբերի 4-ին` առավոտյան, հրամանատարները նկատելով սպառնացող վտանգը՝  Սասունի հորը կանչում են առանձին ամրաշինական կառույց` վտանգի մասին տեղեկացնելու  համար։ Այդ պահին “Լոռա” հրթիռով հարվածում են խրամատին` զոհվում են Սասունը և իր մարտական ընկերներից երեքը։