Սասունի կոտորածն արդեն կատարված իրողություն էր, ուստի միջազգային հանրության ճնշումների ներքո ու Մեծ Բրիտանիայի առաջարկով երկար բանակցություններից հետո վերջապես որոշվեց քննիչ հանձնաժողով ստեղծել՝ Սասունի դեպքերն ուսումնասիրելու համար: Հանձնաժողովը կազմված էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դիվանագետներից ու երեք թուրք ներկայացուցիչներից, որոնք թուրքական կառավարության կողմից նշանակվել էին՝ հանձնաժողովի գործունեությունը խափանելու համար: Այս հոդվածում ուսումնասիրվող պարբերականներում քննիչ հանձնաժողովի գործունեությունը հիմնականում լուսաբանվում է արևմտյան և ռուսական մամուլի հրապարակումների հիման վրա, ինչը հավանաբար պայմանավորված էր սեփական լրատվության պակաս ունենալու հանգամանքով: Այդ հաղորդումներից պարզ է դառնում, որ թուրքական կառավարությունն անընդհատ խոչընդոտում էր հանձնաժողովի գործունեությունը: Քննիչ հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու և Սասունի կոտորածների հետքերը վերացնելու համար թուրքական կառավարությունը նախ և առաջ վերացնում է կոտորածի մասին պաշտոնական փաստաթղթերը: Բարձրագույն կարգադրությամբ վերացվել է նաև Սասունի կոտորածների ղեկավար Զեքի փաշայի այն հեռագիրը, որ հաղորդում էր, թե վերջին անգամ Սասունում սպանվել էր 1720 հոգի: Թուրքական կառավարությունը նաև արգելեց օտար թղթակիցների մուտքը Արևմտյան Հայաստան, ընդ որում արգելվեցին ոչ միայն չեզոք թերթերի թղթակիցների մուտքը, այլ նաև Օսմանյան Կայսրության  շահերը պաշտպանող թղթակիցների: Պատճառը մեկն էր. թուրքական իշխանությունները համոզված էին, որ oտար թղթակիցները դիտմամբ չեն հեղաշրջելու իրենց տեսածն ու լսածը: «Մուրճի» 1895թ. 1-ին համարում նաև նշվում է. «Ցաւով սրտի յայտնում ենք, որ մեր ջերմ ու տևական ջանքերը՝ Սասունի դէպքերն անաչառ քննելու նպատակով մեր յատուկ թղթակցի համար Հայաստան մտնելու իրաւունք ստանալու մասին՝ ապարդիւն անցաւ»: Որպես հանձնաժողովի գործունեության վերաբերյալ սեփական թղթակցի կողմից ուղարկված հոդված՝ առանձնանում է միայն «Արձագանքի»՝ 1895թ. մարտի 12–ի համարում լույս տեսած նյութը, որը թղթակիցը Մուշից խմբագրություն էր ուղարկել փետրվարի 23-ին: Հոդվածագիրը մանրամասն նկարագրում է քննիչ հանձնաժողովի ժամանելուց առաջ և հետո Մուշում ու Սասունում տիրող իրավիճակը: