Այն, ինչ կատարվում է Բաքվում  հայ ռազմագերիների եւ պատանդառուների հետ, միջազգային եւ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Այդ ամենը համապատասխանում է Բաքվի՝ որպես ահաբեկչության եւ ավազակապետության հովանավոր պետության իմիջին, ավելին՝ վերջինս չի էլ փորձում թաքցնել իր հանցագործությունները։ Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ հայ գերիները պետք է վերադարձվեին, մինչդեռ անցել է  երեք  տարի, սակայն նրանցից շատերը ոչ միայն չեն վերադարձվել, այլեւ այսօր հայ ռազմագերիներից 40-ի նկատմամբ կեղծ մեղադրանքների հիման վրա դատավարություն է ընթանում։ Չի բացառվում, որ այդ ճակատագրին կարող են արժանանալ մյուս ռազմագերիներից շատերը։ Բաքուն  գերիներին օգտագործում է նաեւ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար։ Դրա անհերքելի ապացույցը ստացվեց 2021-ին, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին երկրի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի՝ 2021-ի հունիսի 15-ին Արցախի բռնազավթված Շուշի քաղաք ուղեւորվելու ժամանակ տեղի ունեցած զրույցից մի հատված, որտեղ Էրդողանն ու Ալիեւը քննարկում են Արցախի ականապատ տարածքների քարտեզների դիմաց հայ գերիներին վերադարձնելու հարցը։ Ալիեւը խոստովանում է, որ եթե իրենք ամբողջությամբ ստանան ականապատ դաշտերի քարտեզները, ապա մեծ առավելություն կունենան, որովհետեւ այդ տարածքները մաքրելու համար պետք կգար առնվազն 10 տարի։

Տեղին է հիշել նաև ՝ Հ այկական օկուպացված տարածքներ այցի ընթացքում Անկարան եւ Բաքուն ստորագրել էին Շուշիի հռչակագիրը, որի նպատակն էր թուրք-ադրբեջանական «հետպատերազմյան համագործակցությունն ու տարածաշրջանում կայունության  խթանումը»: Հռչակագրի առանցքում պաշտպանության ոլորտի համագործակցությունն էր, որի համաձայն՝ պետք է օգնեն միմյանց երկու պետություններից որեւէ մեկի «անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում»:

Հասկանալի է, որ «երրորդ պետություն» ասելով հասկացվում էր նախեւառաջ Հայաստանը, որի դեմ ռազմական ուժերը օգտագործելուն է միտված Շուշիի տխրահռչակ հռչակագիրը։ Այդ հռչակագրի հետևանքները տեսանք արդեն 2023-ին Այսինքն՝ ոչ Թուրքիան, ոչ էլ՝ Ադրբեջանը հակված չեն տարածաշրջանային խաղաղության եւ շարունակելու են ագրեսիվ քաղաքականություն իրականացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։