Սասունի կոտորածներն «Արձագանք»-ի էջերում լուսաբանվեցին թերթի թղթակցի՝ Կարինից ուղարկված հոդվածների միջոցով: Սեպտեմբերի 9-ին «Արձագանք»-ում լույս տեսած թերթի թղթակցի կողմից օգոստոսի 25-ի ուղարկված հոդվածը հակիրճ տեղեկություններ է հաղորդում ապստամբության պատճառների և պաշարման մեջ գտնվող Սասունի մասին. «Սասունցիների կառավարութեան մատուցուելիք հարկերը բաւական միջոցից ի վեր անվճար էին. և ահա այդ պատճառաբանութեամբ մի խումբ՝ տեղային հանգամանքներին, ճանապարհներին, կիրճներին ծանօթ քօչարի քիւրդերի առաջնորդութեամբ ուղարկեց 300 կազմ և զինեալ զինուորներ: Սասնոյ հայ ազգաբնակչութիւնը այդ երևոյթը մի ներքին ի չար դիտաւորեայ մտքի նախադուռ ճանաչելով, կը փորձէ իրենց ազատ երկրից ու հողից թրխացել այդ անկոչ և ապականիչ հիւրերին…»:

«Նոր Դար» թերթը մի քիչ ավելի ուշ և ավելի քիչ  է անդրադարձել Սասունի կոտորածներին: Առաջին անգամ Սասունի դեպքերին անդրադարձ է կատարվում  «Նոր Դար»-ի սեպտեմբերի 14-ի համարում Սասունից գնացած մի երիտասարդի հաղորդած տեղեկությունների հիման վրա: Իսկ Նոր Դարի` նոյեմբերի 1-ի համարում լույս տեսած հոդվածը (թղթակցի կողմից Կ. Պոլսից նյութն ուղարկվել է հոկտեմբերի 22-ին) թեև ոչ մանրամասնորեն, բայց նկարագրում է Սասունում տիրող իրավիճակն ու ապստամբության պատճառը. «Սասունի ապստամբների դէմ խիստ միջոցներ է ծրագրած եղել, այսինքն բացարձակ պատերազմ մի բուռն հպատակ ժողովրդի դէմ, որը համարձակուել է բարբարոս՝ կառավարիչների դէմ իւր դժգոհութիւնը զէնքով արտայայտելու»: Ընդհանուր առմամբ արևելահայ պարբերականներն օբյեկտիվ գնահատականներ են տալիս Սասունի դեպքերի ծագման պատճառների մասին: Նախ «Մուրճը», քիչ ավելի ուշ նաև մյուս թերթերը քննարկում և ներկայացնում են Սասունում ծավալված իրադարձությունների իրական պատճառները` դրան զուգադրելով նաև քննարկվող հարցում Օսմանյան կառավարության գործողությունների հիմնական նպատակների բացահայտումը։