Զանգեզուրի հատվածը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մաս, այժմ չի դիտարկվում` Արևելյան Հայաստանի կողմից վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով Մեղրիով ճանապարհ կառուցելու միջոցով «Հյուսիս-հարավ» ՄՏՄ նախագծին Հայաստանի մասնակցության հարցը: Իրանն առաջարկում է իր տարածքն օգտագործել ՌԴ–ից հացահատիկ արտահանելու համար
«Հայաստանն այժմ «Հյուսիս-հարավ» միջանցքի մաս չէ։ Դեռ վերջնական դիրքորոշում չունեն այն ճանապարհի նկատմամբ, որը պետք է անցներ Մեղրիով», — ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում նորմալ փոխգործակցություն է ձևավորվում։
Նրա խոսքով՝ Հայաստանը շրջանցող և Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու տարբերակը, որի ելքը Թուրքիայի հետ սահմանն է, երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է Սյունիքով անցնող ճանապարհից:
«Գնահատել են, որ հայկական տարածքով երկաթուղին կլինի 42 կմ (որքան գիտեմ), իսկ իրանական տարածքով երկաթուղին մոտ 50 կմ է։ Ահա և ամբողջ տարբերությունը. երկու կամուրջ և 8 կմ, 1520 (ուղի) երկու տարբերակում էլ», — պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը:
Նշենք, որ Արևելյան Հայաստանի իշխանությունը կողմ է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն կտրականապես դեմ է «միջանցքային տրամաբանությանը»՝ պնդելով, որ բոլոր ճանապարհները գործեն այն պետությունների իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են։