
Հայերի և հայոց լեզվի ծագման վերաբերյալ մինչ այժմ առաջ են քաշվել բազմաթիվ և բազմաբնույթ տեսակետներ ու վարկածներ, որոնց հիմքում ընկած են տարբեր գիտություններից վերցված փաստեր՝ դիցաբանությունից մինչև լեզվաբանություն: Ուսումնասիրություններից շատերը կարելի է համարել նաև բազմակողմանի, քանի որ դրանցում հիշյալ խնդիրները քննարկվում են մի քանի գիտակարգերի տվյալների համադրմամբ: Այն, որ հայերենը բնույթով հնդեվրոպական լեզու է, իսկ այդ լեզվի կրողներն էլ հնդեվրոպական ցեղերից են եղել, լեզվաբանական և հարակից այլ գիտությունները վաղուց են ապացուցել, և այստեղ տարակարծություններ չկան: Միևնույն ժամանակ, հնդեվրոպական լեզվաբանության սկզբնավրումից ի վեր, մինչ օրս տարբեր հետազոտողների կողմից վիճարկվում է հնդեվրոպացիների նախահայրենիքի կամ ընդհանուր հնդեվրոպական նախնական լեզվատարածքի խնդիրը, որը կարևոր նշանակություն ունի ոչ միայն հնդեվրոպացիների և հնդեվրոպական նախալեզվի, այլև առանձին ցեղակից լեզուների և դրանց կրողների ծագման ու ձևավորման հանգամանքների բացահայտման գործում:
Նշենք նաև, որ տեսակետներից այսօր առավել հավանական է համարվում հնդեվրոպացիների փոքրասիական ծագման վարկածը, որը, կարծում ենք, բավականաչափ հիմնավորված է, և նույնիսկ նախկինում հնդեվրոպացիներին եվրոպական ծագում վերագրող ավանդական տեսակետի կողմնակիցներն այլևս այս դրույթը չեն ժխտում: Տարակարծությունները հիմնականում վերաբերում են այն հարցին, թե Փոքր Ասիայի հատկապես որ մասում են նախապես բնակվել հնդեվրոպական ցեղերը: Նշենք նաև, որ մեզանում այսօր առավել ընդունելի է համարվում այն տեսակետը, որ նրանք զբաղեցրել են Փոքր Ասիայի արևմտյան կամ Հայկական բարձրավանդակն ընդգրկող տարածքները, որը օտարազգի շատ գիտնականների կողմից միանշանակ չի ընդունվում: 20-րդ դարի սկզբներին՝ այսպես կոչված «նոստրատիկ լեզվաբանության» հիմնադրումից հետո, առաջ քաշվեց այն դրույթը, որ հնդեվրոպացիները, նախապես տարածված լինելով Առաջավոր Ասիայի հարավային տարածքներում, միասնություն են կազմել նաև այլ՝ ոչ հնդեվրոպական, մասնավորա պես՝ սեմական, կովկասյան և ուրալյան լեզուների կրողների հետ, իսկ ավելի ուշ առանձնանալով տեղափոխվել են դեպի հյուսիս: