Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ջանքերով մարզում աշխուժանում է նաև գիտական կյանքը․ այսօր Փարպի գյուղում տեղի ունեցավ 5-րդ դարի հայ պատմիչ, մատենագիր Ղազար Փարպեցուն նվիրված գիտաժողով։
Միջոցառումը տեղի ունեցավ Ղազար Փարպեցու անունը կրող դպրոցում։
Անվանի պատմիչի աշխատությունների, նրա թողած գրական երկերի բացառիկության ու արժեքավորության մասին գիտական զեկուցումներ ներկայացրին ՀՊՄՀ բանսիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։
Մասնակիցներին ողջունեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ հպարտորեն ընդգծելով, որ Փարպին նաև իր հայրենի գյուղն է, որտեղ ինքը ապրում և գործում է։
«Գիտաժողովների կազմակերպումը մեր աշխատանքային ուղղություններից մեկն է դարձել, մենք կարևորում ենք մարզին վերաբերող թեմաները, այդ թվում, անվանի մարդկանց կյանքն ու գործունեությունը գիտական մակարդակում լուսաբանելն ու հանրահռչակելը, մարզում գիտական կյանքի աշխուժացումն ու գիտական մտքի զարգացումը»,-իր ելույթում ասաց մարզպետը և շնորհակալություն հայտնեց գիտնական-մանկավարժներին, որոնց ջանքերով կյանքի է կոչվել գիտաժողովը։
Ողջույնի խոսք ասաց նաև ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։ Հենց Ղազար Փարպեցու հայրենիքում նրան նվիրված գիտաժողովի խորհուրդը ընդգծելով՝ նա հույս հայտնեց, որ Արագածոտնի մարզի հետ համագործակցությունը շարունակական կլինի։
Հնչեց 6 զեկուցում, այդ թվում, բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանն անդրադարձավ Ղազար Փարպեցու երկերի լեզվական առանձնահատկություններին՝ քննության առնելով դրանք որպես հին հայերենի գիտական նկարագիրն ամբողջացնող գրաբարյան մոնումենտալ աշխատություններ։
ՀՊՄՀ ներկայացուցիչները մարզպետին և Փարպիի միջնակարգ դպրոցին նվիրեցին իրենց հեղինակած՝ «Ղազար Փարպեցու երկերի ժողովածու»-ի մի քանի օրինակներ։
Գիտաժողովի մասնակիցները ծանոթացան նաև հինավուրց Փարպի գյուղի տեսարժան վայրերին, ծաղիկներ խոնարհեցին Ղազար Փարպեցու արձանին, այցելեցին Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցի։
Արևմտյան Հայաստանի կառավարությոևնը ողջունում է ցանկացած նմանատիպ միջոցառում, որը լուսաբանում է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույտը: Այս միջոցառումը կրկնակի արժեքավոր է, քանի որ այն կազմակերպվել է հեղինակի անունը կրող դպրոցում, ինչը խոսում է հայերի բնիկության և դարավոր մշակույթի մասին, ինչից զուրկ են շատ ու շատ ազգեր ու ցեղեր: Մենք հպարտ ենք մեր ինքնությամբ և համաշխարհային մշակույթում մեր ունեցած ժառանգությամբ և ուրույն դիմագծով, որով հարուստ է Հայաստան աշխարհի ցանկացած գավառ: