33-ամյա Ռաֆիկ Հարությունյանը զոհվել է Արցախի վրա 2023թ․-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ, Մարտակերտի շրջանում: Ռաֆիկն արցախյան քառօրյա (2016թ․), 44-օրյա (2020թ․) պատերազմի մասնակից է, եղել է մարտական թեժ կետերում։ 2022թ․-ից որպես փորձառու զինվորական ծառայության է անցել Արցախի հատուկ նշանակության վարչությունում։ Հարությունյանների ընտանիքը Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից է, ամուսնությունից հետո Ռաֆիկը և կինը ապրում էին Ասկերան քաղաքում, ունեն երկու երեխա։2023թ․-ի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի վրա, Ռաֆիկ Հարությունյանը տվեց իր վերջին մարտը։ Նա այդ օրը եղել է Մարտակերտի շրջանում, Կաշենի հանքի դիմաց՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Նոր Կարմիրավան գյուղի ուղղությամբ տեղակայված 718 մարտական դիրքում։ 10 օրվա հերթապահության 7-րդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 13։00-ին սկսվեց հարձակումը, մեկ ժամ տևած մարտում դիրքում գտնվող 9 հոգուց 6-ը զոհվում է։ Մարտի սկզբում դիրքից 2-ը դուրս են եկել դեպի Կաշենի հանք՝ օգնություն կանչելու, մոտ մեկ ժամ տևած մարտի ընթացքում հայկական կողմին հաջողվում է կորուստներ պատճառել հակառակորդին, սակայն բարենպաստ բարձունքներում գտնվող ադրբեջանական կողմը մեկ ժամ հետո կարողանում է գրավել դիրքը։ Մարտական դիրքի ավագը, մարտ վարելով, վիրավոր վիճակում կարողացել է դուրս գալ դեպի Կաշենի հանքում տեղակայված ռուս խաղաղապահների հենակետ։
Տարբեր դիրքերում զոհված 11 աճյունների հետ Ռաֆիկ Հարությունյանի մարմինը Ակնայում փոխանցվել է սեպտեմբերի 23-ին: Նրա մարմինը եղել է անճանաչելի, վառված վիճակում։ Ռաֆիկ Հարությունյանի կինը և երեխաները այժմ տեղավորվել են Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում, ժամանակավոր բնակվում են Ռաֆիկի ընկերոջ տանը։ Ռաֆիկ Հարությունյանի մարմինը նույնականացրել են հոկտեմբերի 13-ին․ հարազատները Ռաֆիկին հուղարկավորել են հոկտեմբերի 15-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։