Սասունում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ՝ մեծ հետաքրքրություն են ներկայացնում արևելահայ մամուլում մեծ տերությունների քաղաքականության ընկալումը և ներկայացումը: Պետք է նշել, որ մեծ տերություններից հատկապես քննարկվում և ներկայացվում է Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը: Այդ մասին է վկայում անգամ «Մուրճ»-ի խմբագիր Արասխանյանի այն չափազանցված դիտարկումը, որի համաձայն. «…Արևմտյան Հայաստանի հայերի խնդիրը ներկայումս, և ամիսներից ի վեր, դառել է անգլիական խնդիր»: «Մուրճ»-ի դիտարկումները Մեծ Բրիտանիայի քաղաքականության հարցում ոչ միշտ են ներկայացնում օբյեկտիվ իրականությունը: Այսպես, գլխավոր խմբագիրը Արևմտյան Հայաստանի հայերի հարցի լուծման ուղղությամբ տեսնում է միայն մեկ դերակատար` Մեծ Բրիտանիան: «Մենք տեսանք, որ Սասունի կոտորածի խնդիրը մանաւանդ Անգլիայում յարուցեց տաճկա-հայկական խնդիրը առհասարակ: Հետևապէս Անգլիայում տրամադիր չէին քննիչ յանձնաժողով կազմելու խնդիրը վերջացնելով` հայկական խնդիրը վերջացրած համարել: Հրապարակ էր եկել Տաճկա-Հայաստանում բարեփոխութիւններ մտցնելու խնդիրը…»:
«Նոր Դարում» ևս քիչ չեն հրապարակումները, որոնք անդրադառնում են Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հայերի հարցը դիտարկվում է բրիտանական երկու կուսակցությունների՝ պահպանողականների և լիբերալների քաղաքականության ֆոնին: Թերթը հիմնականում դրական ակնկալիքներ է կապում Մեծ Բրիտանիայի հետ: Թերթում անդրադարձ է կատարվում նաև Ֆրանսիայի քաղաքականությանը: Այդուհանդերձ, «Նոր Դարում» չկա նույնքան ոգևորություն Ֆրանսիայի դիրքորոշման հետ կապված: Ավելին, խոսելով Արևմտյան Հայաստանի հայերի հարցում Ֆրանսիայի շահի մասին, նշվում է. «Արդեօք մի ինքնավար Հայաստան, բարենորոգուած հայկական նահանգներ պետական ինչ շահ պիտի ընծայէին Ֆրանսիային. նրա որ դիրքին, որ ուղղութեան պիտի նպաստէին,- ոչ մի»: Ֆրանսիայի քաղաքականության գլխավոր դրդապատճառ համարելով Անգլիային հակակշռելը` հնչակյան հայտնի գործիչ Սապահ-Գյուլյանն իր սյունակում գրում է, որ «… ներկայումս հայկական խնդրում Ֆրանսիայի դիրքն է` բռնել ռուսական ուղղութիւնը, ըստ կարելուոյն չըվշտացնել Թիւրքիային եւ ի հարկին հակառակել Անգլիային»: