Մայիսին Սոթքի ուղղությամբ Բաքվի ԶՈւ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայող Էդգար Վահանի Սուլեյմանյանը Սիսիանից էր ։Էդգարը ծնվել է 2003 թվականին ։ Սովորել է Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 9-րդ դասարանից ուսումը կիսատ է թողել ու ընտանիքի հոգսը վերցրել իր ուսերին։ Մինչև բանակ գնալն աշխատել է որպես բանվոր, որպեսզի կարողանա օրվա հացի խնդիրը լուծել։
Նա մոտ մեկ ամիս հետո պետք է զորացրվեր: Զուսպ, համեստ, բարի, դաստիարակված տղա էր Էդգարը։ Լավ զինվոր էր, կարգապահ, պարտաճանաչ, ենթարկվող, հայրենասեր։ Մասնակցել է տարբեր ռազմական գործողությունների, միշտ կատարել է իր առաջ դրված խնդիրը։
Western Armenia tv-ի թղթակցի հետ զրույցում ՝ պատմության ուսուցչուհի Աիդա Առաքելյանը միաժամանակ թե գովեստի, թե անհուն ափսոսանքի խոսքեր է ասում իր սանի մասին, առանձնապես նշում նրա համեստությունը, զսպվածությունը, բոլորին օգնելու պատրաստակամությունը, ասում, որ թեեւ ուսման նկատմամբ առանձնապես սեր չուներ, բայց նրա լավագույն որակներն ու մարդկային բարձր հատկանիշները շատ ավելին էին ։
Էդգարը իր վաստակածը ոչ թե իր վրա էր ծախսում, այլ` ընտանիքի: Իրենից փոքր եղբոր` Սեւակի համար հեծանիվ էր գնել, հպարտ-հպարտ նայել, թե եղբայրն ինչպես է երանությամբ վարում իր գնած հեծանիվը, եւ սարի պես թիկունք կանգնել տան բոլոր անդամներին: Ընտանիքը միշտ սոցիալապես ծանր վիճակում է եղել։ Հայրը համայնքի կոմունալ ծառայության աշխատակից է` աղբ թափող։ Սպասում էին, որ որդին կգա բանակից, ամեն ինչ կկարգավորվի։
«Նա լավ կյանքի երազանքով էր պատրաստվում բանակից վերադառնալ։ Հույս ուներ, որ ինքը լավ աշխատանք է գտնելու և օգնելու ընտանիքին»,–Պատմում է Էդգարի ընկեր ՝ Հովհաննեսը։