Սևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստը, որն անցել է լարված մթնոլորտում․ զոհվածներից մեկի հարազատը հարվածել է մեղադրյալներից Եղիշե Հակոբյանին։

Զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը չցանկացավ մեկնաբանել միջադեպը՝ նշելով․ «Տուժող կողմի նկատմամբ ըմբռնում պետք է լինի, նրանք կորցրել են իրենց զավակներին, հարազատներին և 9 ամիս շարունակ որոնումների մեջ են։ Տուժող կողմն այս գործի ընթացքից մեկ ակնկալիք ունի՝ բացահայտել ճշմարտությունը»։ 

Գործով երրորդ դատական նիստն էր այսօր։ Նախորդ նիստին որոշվել էր ապացույցների հետազոտման կարգը և ըստ այդ կարգի՝ այսօր հետազոտվել են գործում առկա գրավոր ապացույցները։ Նորիկյանն ասաց, որ նիստի ընթացքում կողմերը բացման խոսքով են հանդես եկել։ Մեղադրյալներից երկուսը՝ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի` թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանը հանդես են եկել իրենց նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու միջնորդությամբ, ինչը դատարանը մերժել է։ 

Նշենք, որ գործով կա 5 մեղադրյալ, նրանցից երեքը՝ զորամասի ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանը, զորամասի թիկունքի պետ-հրամանատարի` թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Մառլեն Սարգսյանը կալանավորված են, իսկ զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը և զորամասի ինժեներական ծառայության պետ Տիգրան Ղազարյանը ազատության մեջ են, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։

Գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ 12։00-ին։