Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովում Արևելյան Հայաստանի  վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքային իմաստը հետևյալն է. «Արևելյան Հայաստանի, Թուրքիայի, Բաքվի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացում՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով»։

Կարելի է 100 տոկոսով պնդել, որ այս գաղափարը կկիսեն տարածաշրջանի բոլոր երկրները, սակայն այն չորս սկզբունքները, որոնց վրա, ըստ Արևելյան Հայաստանի վարչապետի, պետք է հենվի ծրագրի իրականացումը, հաստատ զարմանք կառաջացնեն այն պարզ պատճառով, որ դրանք վաղուց գործում են ողջ աշխարհում։ Էլ դրանք ամրագրելու իմաստը ո՞րն է։

Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը» և այլն։ Իսկ որտե՞ղ եք տեսել, որ կոմունիկացիաները այլ սկզբունքներով գործեն։ Այո՛, վերջին արցախյան  պատերազմից հետո որոշ ժամանակ  Բաքվի կողմից վերահսկվող տարածքով անցնում էր Բերձորի միջանցքը, բայց նախ, այն բոլորովին հայերը չէին վերահսկում, և ամենակարևորը՝ այդ միջանցքն արդեն գոյություն չունի։ Եվ ուրեմն լրիվ անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի ինքնիշխան տարածքով անցնի մի ճանապարհ, որը վերահսկեն ադրբեջանցիները։

Բոլոր դեպքերում, միանգամայն ակնհայտ է, որ Արևելյան Հայաստանի ներկայացրած ծրագրի ամենագլխավոր նպատակը Սյունիքի ճանապարհի կարգավիճակի հստակեցումն է։ Այնինչ, հիմնվելով վերջին զարգացումների վրա, թույլ տվեք եզրակացություն անել, որ Մեղրիի այդ ճանապարհը իրականում այնքան մեծ նշանակություն չունի Բաքվիի և Անկարայի համար, որքան մենք կարծում ենք։ Ընդ որում, օտարերկրյա որոշ վերլուծական կենտրոններ նույնն են պնդում։ Միացյալ Նահանգներում գործող Stratfor կազմակերպության մասնագետների կարծիքը. «Հայաստանի տարածքով տարանցիկ միջանցքը թեև շատ ցանկալի է Բաքվի համար, սակայն խիստ անհրաժեշտ չէ»։

Իրողությունը սա է՝ Բաքուն ու Իրանը արդեն կառուցում են այն ավտոմայրուղին, որը Արաքսի մյուս ափով է կապելու Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի հետ։ Այսինքն, այդ ճանապարհը ձգվելու է այն տարածքներով, որոնք մինչեւ 2020 թվականը արցախցիների ձեռքին էին, հետո, հասնելով Արևելյան Հայաստանի սահմանին, երկու կամրջով իջնելու են ներքև, շարունակվելու են Արաքսի իրանական ափի երկայնքով և հասնելով Նախիջևանին` երկու կամրջով կրկին հատելու են սահմանը, մտնելու են ինքնավար հանրապետություն։ Ճիշտ նույն ձևով՝ Իրանի տարածքով, շրջանցելով Հայաստանը, մոտ ապագայում կլուծվի նաև երկաթգծի հարցը։ Ռուսաստանցի պաշտոնյաներից մեկն այս շաբաթ ասել է. «Գնահատել ենք, որ հայկական տարածքով երկաթգիծը կլինի 42 կիլոմետր։ Որքան ինձ հայտնի է, Իրանի տարածքով երկաթգիծը կլինի 50 կիլոմետր, ահա և ամբողջ տարբերությունը՝ 2 կամուրջ և 8 կիլոմետր»։