Արևելահայ մամուլում առաջիններից մեկը, որ արձագանքել է Սասունի կոտորածներին, «Մուրճ» լրագիրն էր: Այս առումով պետք է առանձնացնել «Սասնոյ դէպքերը» հոդվածը, որտեղ տրվում են վիճակագրական տվյալներ ինչպես ապստամբների, այնպես էլ հարձակվող մուսուլմանների թվաքանակի վերաբերյալ. «…աներևակայելի արագութեամբ բոլոր շրջակայ կուսակալութեանց զօրքերը դիմեցին ի Մուշ, ուստի մի այլ 7869 հետևակներ, 2000-ի չափ հեծեալներ, և 150 թնդանօթաձիգներ ուղևորւեցան ի Սասուն: Ռուսական և պարսկական սահմանագլուխէն սկսեալ բոլոր ցեղերը գունդ-գունդ դիմեցին այնտեղ. միայն Բայազիտի հայդարանցիք 300 հեծեալներով, որով կարելի է գաղափար կազմել այս ահեղ բազմութեան վերայ, որ մէկ ակնթարթի մէջ պաշարեցին Սասնոյ գավառը »:
«Մուրճ»-ը հետաքրքիր տվյալներ է տալիս նաև Սասունի դեպքերի հետևանքների մասին. «Գէլի 360, Շէնիկ` 106, Սէմալ` 85, Ալեան` 165, Իշխնձոր` 78, Աղբին`66 տներով կ’այրին ամբողջովին, և բնակիչները բոլոր, բացի մաս մը փախստականներէ, սրէ կ’անցւին»: Սասնո դեպքերի անմիջական հետևանքը ողջ մնացած բնակչության սոսկալի դրության մեջ հայտնվելն էր, քանի որ վարելահողերին, տներին տիրացել էին քրդերը` կողոպտելով ողջ ունեցվածքը, հայերի հագից խլելով վերջին շապիկը: «Մուրճ»-ի հաղորդումներից պարզ է դառնում, որ նույնիսկ Մշո դաշտի հայկական գյուղերի` Խզլաղաճ, Տատրագոմ, Ս. Յովհաննու վանք, Մառնիկ, Խորոնք, բնակիչները հայտնվել են ծանր դրության մեջ, քանի որ գտնվելով պաշարման մեջ՝ չէին համարձակվում անգամ դաշտ գնալ: Թալանված էր ամբողջ շրջանը, նշվում է, որ օրինակ՝ Մառնիկ հարուստ գյուղից միայն 5000 ոչխար է հափշտակվել: