2023 թվականի հոկտեմբերի 24-ին Բաքվի կրոնական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքի պետական կոմիտեի կողմից Սուրբ Ծնդին ընդառաջ կազմակերպվել էր Բաքվում գործող քրիստոնեական կրոնական համայնքների, քրիստոնեական տարաբնույթ կազմակերպությունների կրոնական ներկայացուցիչների այցը օկուպացված Հադրութի շրջանի Ծակուռու սուրբ Աստվածածին և Տողի սուրբ Հովհաննես եկեղեցիներ: Այցը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական զանազան լրատվական ծառայությունների կողմից :
Այցի վերաբերյալ տարածված տեսանյութերում ասվում է, որ հայկական օկուպացիայից Արցախն ազատագրելուց հետո քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները հնարավորություն են ստացել այցելել եկեղեցիներ ու այնտեղ աղոթել։ Ինչպես իր հարցազրույցում նշեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության քարոզիչ Էլչին Փաշաևը, այցը կայացել էր իրենց և քրիստոնեական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Բաքվի պաշտոնական քարոզչությունն այս այցի համատեքստում ևս խոսել է Ծակուռի Սուրբ Աստվածածին ու Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցիների աղվանական լինելու մասին։
Հայկական եկեղեցիներ են այցելել նաև «Բաքվի աստվածաշնչային ընկերություն», «Ավետարանական քրիստոնեական բապտիստական», «Փրկչական ավետարանական-լութերական», «Յոթերորդ օրվա ադվենտիստների», «Ադրբեջանի Հանրապետությունում կաթոլիկ եկեղեցու պրեֆեկտուրայի», «Ադրբեջանի ոուս ուղղափառ», «Ալբան-ուդիական եկեղեցու» և այլ, ինչպես նաև մահմեդական կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դավանական, ազգային հանդուրժողականությունից են խոսում զանազան անհայտ և առհասարակ անհասկանալի կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդուրժողականության մասին է խոսվում մի երկրում, որը պետական նպատակաուղղված քաղաքականությամբ ոչնչացրել, պղծել, այլափոխել, վնասել է հայկական հարյուրավոր եկեղեցիներ, մատուռներ, վանքեր, խաչեր և խաչքարեր: Կրոնական, ազգային հանդուրժողականությունից է խոսում մի երկիր, որի զինվորները 2020 թվականի պատերազմի ընթացքում և հետո ցինիկաբար, տարաբնույթ տեսանյութեր են հրապարակել, թե ինչպես են ջարդում, պղծում հայկական խաչքարերը և խաչերը, թե ինչպես են մահմեդական աղոթք հնչեցնում հայկական եկեղեցիներից։ Դավանական հանդուրժողականության մասին է խոսում մի երկիր, որը երկու անգամ նպատակադրված ռմբակոծել է Շուշիի Ղազանչեցոց տաճարը, իսկ ներկայումս էլ փորձում է այն վերափոխել «վերականգնման» անվան տակ: Հանդուրժողականության մասին է խոսում մի երկիր, ում զինվորները պայթեցրել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին, իսկ «վերականգնման» քողի տակ փորձում են այն այլափոխել: