«Մշակ» թերթում տպագրված «Սասունի կռիվը» հոդվածում մանրամասն նկարագրվում են ռազմական գործողությունները, ինչպես նաև կոտորածը. «…Այդ կոտորածը մեծ էր: Մի ամբողջ օրվայ ընթացքում զօրքը, քիւրդը և համիդիան սրով խողխողում էին հանդիպածներին. Թէ մարդ և թէ կին, թէ պառաւ թէ երեխայք, առանց խտրութեան մորթվում էին… Անհնարին է այդ եղերական ժամերը մանրամասնօրէն նկարագրել: Եթե մէկը ներկայ ժամին բարձրանայ Սասնոյ բարձրաբերձ լերանց գագաթներուն վրա և լայն հայացքով հետախուզէ բոլոր ծակուծուկը, նրա մազերը բիզ բիզ կը կանգնեն: Մարդ սառսուռ է զգում, երբ տեսնում է` մայրը կտոր-կտոր յոշոտված, գցել են մի ապառաժի տակ, և երկամեայ զաւակը նոյնպէս երկու մաս եղած, դրել են մօր ստինքներին խաչաձև: Ահա մի ուրիշ տեղ, իբրև հաւասարակշռող հակեր: Վերջապէս, ամենուրեք նշմարվում են սրտաճմլիկ և աղեկտուր տեսարաններ…
Էլ ավելի համապարփակ էին «Մշակ»-ի՝ նոյեմբերի 12-ի համարում լույս տեսած «Սասունի դեպքերը» հոդվածի հաղորդած տեղեկությունները: Մասնավորապես երկու կողմերի կռվող ուժերի թվային տվյալները համարյա համընկնում են «Մուրճ»-ի հաղորդած տեղեկություններին, մասնավորապես դեպի Սասուն-Մուշ են շարժվել 7,800 հետևակ, 2.000-ի չափ հեծյալ և 150-ից ավելի թնդանոթներ, իսկ նրանց միացած քրդերի թիվը ևս նշվում է 43.000, որոնք սուլթանական իշխանություններից զենք էին ստացել44: Ինքնապաշտպանության դիմած հայերի ընդհանուր թիվը նշվում էր 1960: Ապա օրերի կտրվածքով նկարագրվում են ռազմական գործողությունները: